Գլենդելը վերադառնում է բնականոն կյանքին. քաղաքապետը մանրամասներ է հայտնում

Լոս Անջելեսում հրդեհների պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակներից հետո Գլենդել քաղաքը վերադառնում է բնականոն գործունեության: Այս մասին հրապարակված տեսանյութում հայտնել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը:


«Արտակարգ իրավիճակներից հետո քաղաքը վերադառնում է բնականոն գործունեության: Մեր քաղաքը բախվեց զգալի մարտահրավերների, բայց ձեր համագործակցության և մեր նվիրված թիմի տքնաջան աշխատանքի շնորհիվ մենք հիմա Արտակարգ իրավիճակների 3-րդ մակարդակում ենք:   Ինչպես միշտ՝ ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է»,–ասել է քաղաքապետը:


Նրա խոսքով՝ թեև Գլենդելը խուսափել է հրդեհներից, սակայն զգալի վնասներ են կրել: Արտակարգ դրության հայտարարման սկզբից ի վեր արձանագրել են 709 միջադեպ և 3431 արտակարգ զանգ:  


«Մեր բնակիչներին, բիզնեսների սեփականատերերին և քաղաքային անձնակազմին՝ ձեր ուժը, միասնությունն ու աջակցությունն անհավանական են: Շարունակենք վերակառուցել, աջակցել միմյանց և ամրապնդել այն կապերը, որոնք մեր Գլենդելը դարձնում են այդքան յուրահատուկ:  Մենք արտասովոր մարդկանց համայնք ենք և միասին կարող ենք հաղթահարել ամեն ինչ»,–նշել է Ասատրյանը: 


Թարմացումներին կարելի է հետևել GlendaleCa.gov կայքում։