Մոսկվան հետևողականորեն խոսել է Հարավային
Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի համապարփակ ապաշրջափակման մասին՝ հիմնված 2020-2022
թվականներին բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների վրա։ Այս մասին
հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Խոսքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի
ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի
հայտարարության մասին է։
«Տարածաշրջանի բոլոր տնտեսական և
տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում
է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար
Հանրապետության միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը՝ երկու
ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել
տեղաշարժը կազմակերպելու նպատակով»,- հիշեցրել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ տրանսպորտային կապերի նկատմամբ
վերահսկողությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունը, և կողմերի
համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի
արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը։
Զախարովան նշել է, որ հենց այդ
տրամաբանությունն է ընկած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների
նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հիմքում։ Խմբի
շրջանակներում հնարավոր եղավ հասնել զգալի գործնական արդյունքների և մոտենալ
Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնմանն ու
կազմակերպմանը, նշել է նա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ
եռակողմ աշխատանքային խմբում երբեք չի քննարկվել Հայաստանում արտատարածքային
միջանցքների ստեղծման հարցը։ Ընդհակառակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ
երկրներն ունեն ինքնիշխանություն և իրավասություն իրենց տարածքով անցնող
երթուղիների նկատմամբ։
Նրա խոսքով՝ գործընթացը կանգ է
առել Արևմուտքի «ապակառուցողական ազդեցության պատճառով»:
Զախարովան վստահություն է հայտնել, որ
խմբի ներսում լիարժեք փոխգործակցության հնարավորինս շուտ վերականգնումը կնպաստի ոչ
միայն Հարավային Կովկասի տրանսպորտային և հաղորդակցության համակարգի
վերականգնմանը, այլև ամբողջ տարածաշրջանի հետագա սոցիալ-տնտեսական զարգացման
ապահովմանը։