Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցությանը «կողմ» լինելը միայն հանրաքվեով չի սահմանափակվում

Հայաստանի եվրաատլանտյան  ինտեգրացիայի խորացման հեռանկարը, ինչպես և սպասվում էր, ջղաձիգ և ընդհուպ ագրեսիվ արձագանքի արժանացավ ՀՀ ռազմավարական դաշնակցի կողմից, որն իր տարբեր ռանգի պաշտոնյաների, ինչպես նաև ՀՀ-ում իր պրոտեժեների միջոցով նախազգուշացրեց ՀՀ ղեկավարությանը՝ որոշել եք կրակի հետ խաղալ՝ դասեր չքաղելով այն «կրակից», որում արդեն հայտնվել ու շարունակում են հայտնված մնալ, այսպես ասած, «վեկտորափոխ» եղած երկրները, օրինակ՝ Ուկրաինան։ Մասնավորապես ՌԴ ԱԽ փոխնախագահ Դ. Մեդվեդևի վուլգար արձագանքը (ՀՀ ղեկավարության «ԵՄ-ի հետ նշանադրվելու» մտադրության մասին) և դրանում արված ռեմարկը՝ «ուկրաինական հրաշալի փորձի» մասին,  արդեն առիթ ունեցել ենք գրելու, նախազգուշացում էր, եթե չասենք՝ շանտաժ։ Գործիք, ի դեպ, որն առաջին անգամ չէ, որ կիրառվում է ՀՀ-ի դեմ, և ՀՀ նախկին իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այդ գործիքի կիրառումն իր վրա զգացած լինելու՝ «տառապանքի փորձ» ունի։  Հիշեցնենք՝ երբ Եվրոպական միության հետ Ասոցացման և ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման շուրջ մոտ 4 տարի բանակցած (փաստաթուղթը պատրաստ էր նախաստորագրման 2013 թ. նոյեմբերի 29-ին) Սերժ Սարգսյանը 2013-ի սեպտեմբերի 3-ին «շրջադարձ» կատարեց և Վլադիմիր Պուտինի ներկայությամբ ԵԱՏՄ-ին միանալու փաստաթուղթ ստորագրեց, ՀՀ հասարակությունն ու միջազգային կառույցները, մեղմ ասած, ապշած էին։ Ու մինչ ընտրակեղծիքներով վերընտրված  ՀՀ նախագահը ազդարարում էր, թե դա ռացիոնալ որոշում է, որը բխում է Հայաստանի ազգային շահերից, նույնիսկ ոզնուն էր հասկանալի՝ Պուտինն է բարձրացրել ԵՄ-ի հետ ՀՀ-ի մերձենալու գինը և ճնշման գործիքներ կիրառելով՝ Սերժ Սարգսյանին քարշ տվել ԵԱՏՄ։ «Ռուսաստանն ունի հզոր լծակներ, քանի որ հանդիսանում է Հայաստանի գազի մատակարարը և կարող է որոշել վառելիքի գինը: Հազարավոր ռուս զինվորականներ բազավորված են Հայաստանում, և Ռուսաստանը հանդիսանում է երկրի անվտանգության փաստացի երաշխավոր՝ Լեռնային Ղարաբաղի պատճառով հարևան Ադրբեջանի հետ հակամարտությունում»,- ամերիկյան The Wall Street Journal պարբերականում 2013 թ. սեպտեմբերի 4-ին հրապարակված  «Դավաճանելով ԵՄ-ին՝ Հայաստանը կապվեց Ռուսաստանի հետ» խորագրով հոդվածում այսպես էր բնորոշվել «Ռուսաստանի ճնշման մարտավարությունն ու Հայաստանի քաղաքականությունում 180 աստիճանի շրջադարձը»։  


2013-ի նոյեմբերին էլ, հպանցիկ հիշենք, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարվեց ստորագրել իր օրոք բանակցված՝ Եվրոպական միության հետ Ասոցացման պայմանագիրը, որի մշակումը տևել էր մի քանի տարի։ Յանուկովիչը նույնպես ստիպված եղավ հայտարարել, որ կողմ է Ռուսաստանի հետ մերձեցմանը։ ՌԴ-ն, նկատենք,  նախազգուշացրել էր Ուկրաինային, որ  ԵՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը հղի է այդ երկրին սպառնացող ֆինանսական աղետով, ընդհուպ՝ երկրի տարածքային ամողջականության փլուզմամբ։  «Եվրամայդանի» արդյունքում ուկրաինացիներին հաջողվեց  հեռացնել մտքափոխ եղած Յանուկովիչին, երկրի նոր նախագահ Պորոշենկոն էլ  2014-ի մարտին  Բրյուսելում ստորագրեց Համաձայնագրի քաղաքական, հունիսին էլ՝ տնտեսական մասերը։ Ի պատասխան՝  ՌԴ-ն օկուպացրեց Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը։


Տարօրինակն այն է, որ ՀՀ  նախկին իշխանությունը, որն անցել է 2013-ին «մի գիշերվա մեջ» Մաքսային միությանն անդամակցելու  որոշման ոդիսականով, այսօր չի սատարում ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության հեռանկարին, ընդհակառակը, քարկոծում ու հեղինակազրկում է այդ գործընթացի առայժմ սաղմնային գործընթացը, տիրաժավորում ՀՀ-ի դեմ բանեցվող հիբրիդային պատերազմի հայտնի թեզերը՝ ՀՀ իշխանությունը գնում է արկածախնդրության՝ «ուկրաինացման» ճանապարհով,  Հայաստանը դարձնում է «աշխարհաքաղաքական շահերի բախման պլացդարմ», «մեր դեմ տրամադրում ՌԴ-ին և Իրանին», «տնտեսական համակարգը տանում է  փլուզման» և այլն, և այլն։


Պատահական չէ, որ ՌԴ-ի արձագանքը ՀՀ կառավարության՝ ԵՄ անդամակցության գործընթացի առաջ «կանաչ լույս վառելուն»,  սինխրոնացվեց գործարար աշխարհի պրոռուսական ներկայացուցիչների զգուշացմամբ, թե՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ ԵՄ գնալն ու ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Մասնավորապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, կրկնելով հայտնի թեզը՝ «ԵՄ մեզ չեն հրավիրել և այնտեղ մեզ չեն սպասում», գուժեց՝ «այս քայլն ուղղակի կարող է բերել մեր երկրի տնտեսական փլուզմանը»։ Ծառուկյանի բերանով դիմելով  ՀՀ հասարակության  երկու հասցեատերին՝ բիզնես համայնքին և ժողովրդին, ՌԴ-ն զգուշացնում է. «Բիզնես համայնքը, որը բոլորից լավ գիտի, թե ժամանակակից աշխարհում ինչքան դժվար է արտահանման շուկաներ գտնելը և պահելը, և շատ լավ գիտի, որ 1-2 չմտածված, չհաշվարկված քայլ շատ արագ կարող է բերել կորուստների, սնանկացման և ամբողջ կյանքի ընթացքում ստեղծածի փոշիացմանը»։  ՀՀ ժողովրդին ուղղված զգուշացումն էլ այսպիսին է. «Մի սխալ քայլը բառիս բուն իմաստով կարող է չքավորության մատնել միլիոնավոր մարդկանց։ ...Սա նշանակում է կորսված աշխատանք, սնանկացած բիզնես, երեխայի վարձ տալու անհնարինություն, հիպոտեկ մարելու խնդիրներ, բուժվելու խնդիրներ, տունը ջեռուցելու խնդիր, ամռանը հանգստի գնալու անհնարինություն, դա նշանակելու է, որ մեր գյուղմթերքն այլևս չի վաճառվելու ԵԱՏՄ շուկայում, որ կտրուկ աճելու են գազի և էլեկտրաէներգիայի գները, հետևաբար՝ բարձրանալու են բոլոր ապրանքների գները, մեր խնայողությունները նվազելու են և այլն, և այլն։ Կարիք չկա մանրամասն նկարագրելու, մենք այս ամենը 90-ականներին տեսել ենք։ Մենք դա հաղթահարել ենք դժվարությամբ ու երկար տարիների ընթացքում։ Հիմա ուզում ենք հե՞տ գնալ»։


Հարց է ծագում՝ արդյոք ՀՀ-ն այսօր ունի՞ քաղաքական, տնտեսական, անվտանգային և ամենակարևորը՝ հանրային աջակցության ռեսուրս՝ դիմագրավելու «ուկրաինացվելու» մռայլ հեռանկարին։ Քաղաքական առումով միանշանակ է ՀՀ կառավարող ուժի ոչ միայն պատրաստակամությունը, այլև (առայժմ) աննահանջ հանձնառությունը՝ զարգացնել Եվրոպական միության հետ գործընկերությունը իրավական ավելի բարձր մակարդակի հասցնելու հեռահար նպատակով։ Այդ մասին են վկայում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս որակն ու մակարդակը (ԵՄ-ի հետ ՀՀ գործընկերության զարգացումը, ինչպես հայտնի է՝  Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է: Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության իրավական հիմքը 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է (ՀԸԳՀ):  Մյուս՝ տնտեսական, անվտանգային կարողունակության, դիմադրողունակության  մասին խոսելը չափազանց բարդ է, դա  թողնենք նեղ մասնագետներին։    


Կարևոր մի հանգամանք էլ՝ արդյոք հայ հասարակությունը 2013-ից այս կողմ հասունացե՞լ է այն աստիճան, որ դիմադրի իր ընտրած իշխանության ինքնիշխան որոշումների իրագործման դեմ սպառնալիքներ ստեղծող, այդ որոշումները վիժեցնել փորձող արտաքին ուժերին, այդ ուժերի կողմից սանձազերծվող  ներքաղաքական խժդժություններին, ցնցումներին, տնտեսական դժվարություններին, որոնց մասին թափանցիկ ակնարկում է «ժողովրդի հետ, ժողովրդի համար» մտածող Գագիկ Ծառուկյանը, չնահանջելով  ԵՄ անդամակցության օրակարգից։


Ավելի քան 50 հազար քաղաքացիների ստորագրությունները՝ հօգուտ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելուն, հուսադրող ազդակ են, նաև՝ ապացույց, որ եվրաատլանտյան վեկտորը ՀՀ-ում վայելում է աջակցություն, այսինքն՝ լեգիտիմ է, այլ ոչ թե, ինչպես հիբրիդային պատերազմի մարտիկներն են պնդում՝ թելադրված է դրսի կողմից։  IRI-ի՝ Ամերիկյան Հանրապետական ինստիտուտի՝ 2024-ի հոկտեմբերին հրապարակված ծավալուն հարցման արդյունքները գալիս են ապացուցելու ասվածը։  Հարցին, թե ինչպես կքվեարկեն ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի ժամանակ, հարցվածների 58%-ը պատասխանել է՝ կողմ կքվեարկի եվրոպական դաշինքին միանալուն։ 40%-ի կարծիքով՝ նման քայլը կամրապնդի Հայաստանի անվտանգությունը: 22% տոկոսն էլ,  սակայն, մտահոգ է՝ ԵՄ-ին միանալը կբերի «հայկական ընտանեկան նորմերի վատթարացման»:



«Այս հարցումը ցույց է տալիս, որ հայերի մեծ մասը տեսնում է Եվրոպայի հետ իրենց պայծառ ապագայի հեռանկարը»,- ասել էր IRI-ի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսը՝ հավելելով. «Ավելին, Հայաստանի ժողովուրդը հասկանում է, որ Ռուսաստանից ավելի հեռանալը և դեպի Արևմուտք գնալը կարևոր է խաղաղության և բարգավաճման ամրապնդման համար»։  


Հանրային աջակցությունը, ԵՄ-ին անդամակցության օրակարգը սատարելը, սակայն,  հանրաքվեի ժամանակ կողմ արտահայտվելով չի սահմանափակվում, այլ ենթադրում է կամք ու պատրաստակամություն՝ կրելու «կողմ լինելու» «կողմնակի հետևանքները»։ Այսինքն՝ տնտեսական, սոցիալական և անվտանգային այն սպառնալիքները,  զրկանքները,  որոնք կարող են հարուցել և անխուսափելիորեն հարուցելու են ՀՀ-ի եվրակողմնորոշումը տորպեդահարող շահագրգիռ ուժերը։


Հ. Մանուկյան