Թրամփը կարող է Ռուսաստանին ստիպել վճարել Ուկրաինայի վերականգնման համար. WSJ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ստիպել Ռուսաստանին վճարել Ուկրաինայի վերականգնման համար։ Այս մասին The Wall Street Journal-ի սյունակում գրել են Հուվեր ինստիտուտի ավագ գիտաշխատող Նիլ Ֆերգյուսոնը և Թաֆթս համալսարանի միջազգային պատմության պրոֆեսոր ու Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի արտահաստիքային ավագ գիտաշխատող Քրիս Միլլերը:


«ԱՄՆ հարկատուների համար ավելի ցածր ծախսերով Եվրոպայի անվտանգությունն ապահովելու բանալին կարող է գտնվել եվրոպական բանկային հաշիվներում: Արևմուտքը սառեցրել է մոտ 300 միլիարդ դոլարի ռուսական արտարժութային ակտիվներ, սակայն Եվրոպայի համառությունը թույլ չի տվել այդ միջոցներն օգտագործել Ուկրաինային պատերազմի պատճառած վնասները փոխհատուցելու համար: Նորընտիր նախագահ Թրամփը պետք է պնդի Կրեմլի ռեզերվների մոբիլիզացիա՝ ֆինանսավորելու Ուկրաինայի վերակառուցումը և զենքի ապագա գնումները»,- նշել են հեղինակները։


Հիշեցվում է, որ Համաշխարհային բանկի տվյալներով՝ Ռուսաստանը Ուկրաինային պատճառել է ավելի քան 150 միլիարդ դոլարի ուղղակի վնաս և գրեթե 500 միլիարդ դոլարի տնտեսական վնաս։


«Թրամփի վարչակազմը եզակի հնարավորություն ունի կնքելու ավելի շահավետ գործարք։ Ատլանտիկայի երկու կողմերն էլ կշահեն Պուտինի փողերը նրա ագրեսիայի զոհերին հանձնելուց՝ որքան շուտ, այնքան լավ»,- եզրակացրել են փորձագետները։