ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գաղտնի ծառայության նոր տնօրեն է նշանակել գործակալ Շոն Քուրանին, որը պատասխանատու էր իր անվտանգության համար 2024 թվականի հուլիսին տեղի ունեցած մահափորձի ժամանակ։
Թրամփը նշանակման մասին հայտարարել է հունվարի լույս 23-ի գիշերը Truth Social սոցիալական ցանցում՝ նշելով, որ Քուրանը «մեծ հայրենասեր է, որը պաշտպանել է իմ ընտանիքը վերջին մի քանի տարիների ընթացքում»:
Շոն Քուրանը Գաղտնի ծառայությունում աշխատում է 2001 թվականից: Նա պատասխանատու էր Թրամփի անվտանգության համար նրա առաջին ժամկետում և դրանից հետո:
Նա իր մարմնով ծածկել է Թրամփին 2024 թվականի հուլիսին
Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում մահափորձի ժամանակ։ «Նա ապացուցել է իր անվախ
քաջությունը, երբ, վտանգի ենթարկելով իր կյանքը, օգնել է փրկել իմը Բաթլերում
մարդասպանի փամփուշտից»,- ասել է Թրամփը։
Ինչպես նշում է CBS News-ը, ի տարբերություն կառավարությունում
պաշտոնների կամ ՀԴԲ տնօրենի պաշտոնի, Գաղտնի ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակումը
չի պահանջում ԱՄՆ Կոնգրեսի Սենատում հաստատում։