Հրահանգ է եղել. ԱՄՆ ՄԶԳ-ն դադարեցրել Է Ուկրաինային առնչվող նախագծերի ֆինանսավորումը․Reuters

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Ուկրաինայի հետ կապված նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու հրահանգ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը:


«USAID–ի պաշտոնյան, որը չցանկացավ բացահայտել իր ինքնությունը, ասաց, որ Ուկրաինայում իրականացվող նախագծերի համար պատասխանատու սպաներին հրամայվել է դադարեցնել ամբողջ աշխատանքը», - ասվում է նյութում:


Նոր կարգադրությունը նշանակում է, որ կդադարեցվի ԱՄՆ կառավարության կողմից արդեն հաստատված ծրագրերի ֆինանսավորումը:


Ըստ Պետդեպարտամենտի գործող աշխատակցի և Բայդենի վարչակազմի նախկին պաշտոնյաների` կասեցումը կառնչվի առանցքային դաշնակիցներին, ինչպիսիք են Ուկրաինան, Հորդանանը և Թայվանը:


Երեկ ամերիկյան թերթերը, հղում անելով իրենց աղբյուրներին, գրել էին, որ ԱՄՆ-ի ներքին քաղաքականությանն առնչվող քայլերը, որոնք նախաձեռնել է նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին օրերին, քաոս են առաջացրել որոշ գերատեսչությունների աշխատանքում: