ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «պատրաստ է իր վերահսկողության տակ վերցնել» Գազայի հատվածը և պատասխանատու լինել չպայթած ականներից տարածքը մաքրելու և վնասված շենքերը քանդելու համար: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Թրամփը չի բացառել այդ խնդրի
իրագործման համար ամերիկյան զորքերի օգտագործումը։ Գազայի հատվածի անցումը ԱՄՆ վերահսկողության տակ, ընդգծել է նա, կայունություն կբերի տարածաշրջանում: «Բոլորին, ում հետ ես խոսել եմ, դուր է
եկել գաղափարն առ այն, որ Միացյալ Նահանգները տիրի հողերի այդ հատվածը, զարգացնի և ստեղծի հազարավոր աշխատատեղեր»,- հայտարարել է նա:
Մերձավորարևելյան «Ռիվյերան», որին, Թրամփի պատկերացմամբ,
պետք է վերածվի Գազայի հատվածը, պետք է փոխի բնակչության կազմը: Պաղեստինցիները,
ովքեր լքել են տարածքը պատերազմի պատճառով, պետք չէ, որ վերադառնան, կարծում է ԱՄՆ
նախագահը։
«Գազան մարդկանց ապրելու վայր չէ, և միակ պատճառը, որ նրանք
ցանկանում են վերադառնալ, և ես հաստատ հավատում եմ դրան, այն է, որ նրանք
այլընտրանք չունեն»,- ասել է Թրամփը Նեթանյահուի հետ բանակցություններից առաջ: Նրա
կարծիքով՝ Գազայի փոխարեն պաղեստինցիներին պետք է տալ «լավ, նոր, գեղեցիկ
հողակտոր» ապրելու համար։
Ավելի ուշ Իսրայելի վարչապետի հետ ասուլիսում Թրամփը հայտարարել
է, որ իր իր ծրագրով վերակառուցված Գազայի հատվածում կարող են ապրել նաև
պաղեստինցիներ, սակայն հասկացրել է, որ նրանք չպետք է մեծամասնություն կազմեն։