Միացյալ Նահանգները կցանկանար «գերազանց գործարք» կնքել Իրանի հետ՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Ես կասեմ հետևյալը և սա կասեմ Իրանի համար, որը շատ ուշադիր լսում է։ Ես կցանկանայի ի վիճակի լինել կնքելու գերազանց գործարք»,- հաստատել է նա:
«Հուսով եմ՝ մենք կարող ենք ինչ-որ բանի հասնել, որպեսզի գործը չավարտվի շատ աղետալի իրավիճակով։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա։ Ես իսկապես ցանկանում եմ խաղաղություն տեսնել»,- վստահեցրել է Թրամփը:
Միաժամանակ նա զգուշացրել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա Թեհրանին միջուկային
զենք ստանալ. «Նրանք չեն կարող ունենալ միջուկային զենք։ Ամեն ինչ շատ պարզ է»:
Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը հնարավոր է համարել Իրանի
նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումը։ Իրանի վրա ԱՄՆ առավելագույն ճնշումը
վերականգնելու հրամանագրի ստորագրումից հետո Թրամփը հույս է հայտնել, որ «ստիպված
չի լինի դրանից շատ հաճախ օգտվել»։ Հարցին, թե արդյոք նա կքննարկի՞ Իրանի
նախագահի հետ հանդիպման կամ ուղիղ շփման հնարավորությունը, Թրամփը դրական պատասխան
է տվել:
Թրամփին նաև հարցրել են, թե ինչ հետևանքներ կարող է սպառնալ Իրանին, եթե իր
կամ իր թիմի անդամների դեմ մահափորձ կատարվի։ «Եթե նրանք դա անեն, կոչնչացվեն, դա
կլինի վերջը»,- ասել է ԱՄՆ առաջնորդը։