ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել Հաագայում Միջազգային քրեական դատարանի պաշտոնատար
անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ ԱՄՆ քաղաքացիների և ԱՄՆ
դաշնակիցների, ինչպիսին է Իսրայելը, նկատմամբ հետաքննության պատճառով։
Փետրվարի 6-ին Սպիտակ տան կայքում հրապարակված հրամանում ասվում է, որ ՄՔԴ-ն «չարաշահել է իր իշխանությունը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ անհիմն կալանքի օրդեր տալով»:
Թրամփի հրամանում ասվում է, որ ոչ ԱՄՆ-ը, ոչ Իսրայելը Միջազգային քրեական դատարանի կազմում չեն և չեն ստորագրել Հռոմի ստատուտը։
«Երկրներից
ոչ մեկը երբեք չի ճանաչել ՄՔԴ-ի իրավասությունը, և երկու երկրներն էլ բարգավաճող ժողովրդավարություններ
են՝ բանակներով, որոնք խստորեն հետևում են պատերազմի օրենքներին»,- հայտարարել է
Թրամփը:
Հրամանում ասվում է, որ ՄՔԴ պաշտոնատար անձանց ունեցվածքը ԱՄՆ-ում
արգելափակվելու է, իսկ ՄՔԴ-ի աշխատակիցներին ու նրանց ընտանիքների անդամներին
կարգելվի մուտք գործել Միացյալ Նահանգներ։ Հրամանն արգելում է ցանկացած
նվիրատվություն դատարանին։ ԱՄՆ-ը դեռ չի հայտարարել այն անձանց անունները, որոնց
վրա տարածվում են սահմանված պատժամիջոցները։
Միջազգային քրեական դատարանը առայժմ չի մեկնաբանել Թրամփի որոշումը: