ԱՄՆ դիվանագիտական ծառայության կազմակերպությունները և պետծառայողների ֆեդերացիան Թրամփի վարչակազմի դեմ հայց են ներկայացրել Կոլումբիայի շրջանի դատարանում՝ նպատակ ունենալով արգելափակել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) փակելու Սպիտակ տան փորձերը, հայտնում է CNN-ը։
Հայցվորները հայտարարել են, որ Թրամփը կատարել է մի շարք «հակասահմանադրական և անօրինական գործողություններ». «Այդ գործողությունները հանգեցրել են համաշխարհային հումանիտար ճգնաժամի՝ կտրուկ դադարեցնելով USAID-ի աշխատակիցների, դրամաշնորհ ստացողների և կապալառուների կարևոր աշխատանքը։ Դրանք հազարավոր ամերիկացիների համար արժեցել են աշխատատեղ: Եվ դրանք վտանգի տակ են դրել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերը»,- ասվում է հայցում։
Ինչպես հայտարարել են արհմիությունները, ԱՄՆ Կոնգրեսն է միակ մարմինը, որն
իրավասու է փակել USAID-ը: Հայցվորները դատարանին խնդրում են անօրինական ճանաչել
Թրամփի վարչակազմի ընդունած միջոցառումները և հրաման արձակել՝ նախագահի վարչակազմից
պահանջելով «դադարեցնել USAID-ի գործունեության փակմանն ուղղված գործողությունները
Կոնգրեսի կողմից չթույլատրված միջոցներով»: