«Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է». Պեսկովը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունման վերաբերյալ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների խնդրանքին ի պատասխան մեկնաբանել է այսօր Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունումը և ասել. «Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է»:


Նրա խոսքով՝ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք կարծում են, որ դեպի ԵՄ կողմնորոշումը երկրին լրացուցիչ դիվիդենդներ կտա, սակայն առայժմ երկիրը շարունակում է ակնհայտ դիվիդենդներ ստանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունից։


«Պետք է և՛ իրենք՝ հայերը, և՛ բոլորը հասկանան, թե որքանով է դա փոխադարձ ցանկություն, և ինչպես են իրենք՝ եվրոպացիները, դրան վերաբերվում»,- ասել է նա:


Պեսկովը նաև ուշադրություն է հրավիրել Եվրամիությանն անդամակցության գործընթացի բարդության վրա՝ հիշեցնելով բազմաթիվ երկրների փորձը, որոնք «երկար հերթի մեջ են դրված այդ գործընթացում, որը չափվում է տասնամյակներով»։