Թրամփը հայտարարել է «մոտ ապագայում» Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում հանդիպելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է կայանալ Սաուդյան Արաբիայում։ Թրամփն այսպիսի ենթադրություն է արել Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում՝ փետրվարի 12-ին Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսային բանակցություններից հետո։


ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ այս մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել, իսկ հանդիպման ամսաթիվը «դեռ որոշված ​​չէ», բայց այն կարող է կայանալ «մոտ ապագայում»։ Թրամփը նաև հասկացրել է, որ բանակցություններին կմասնակցի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը։


ԱՄՆ նախագահը լրագրողներին հայտնել է, որ իր կարծիքով՝ Պուտինը «խաղաղություն ուզում է»։ «Կարծում եմ՝ մենք խաղաղության ճանապարհին ենք։ Կարծում եմ՝ նախագահ Պուտինը խաղաղություն է ուզում, նախագահ Զելենսկին խաղաղություն է ուզում, և ես եմ ուզում խաղաղություն։ Ես պարզապես ուզում եմ, որ դադարեցնեն մարդկանց սպանել»,- հավելել է նա։


 Պատասխանելով հարցին, թե արդյոք Վլադիմիր Զելենսկին ներկա կլինի՞ Ուկրաինայի հարցով առաջին հանդիպմանը, Թրամփը, գրում է CNN-ը, հասկացրել է, որ Ուկրաինայի առաջնորդը, հավանաբար, ներկա չի լինի։ «Մենք, հավանաբար, կունենանք առաջին հանդիպումը, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կարող ենք անել երկրորդի հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը։


 Թրամփը նաև ասել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը «գործնական» չի համարում։ Նրա խոսքով՝ Ուկրաինան հազիվ թե կարողանա վերադարձնել պատերազմի ընթացքում Ռուսաստանի կողմից բռնակցված իր բոլոր տարածքները։ Նախօրեին այդ մասին խոսել էր նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։