Մյունխեն մեկնող ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը հետ է դարձել. ինչն է պատճառը

Ինքնաթիռում, որով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն թռչում էր Մյունխեն՝ մասնակցելու անվտանգության հարցերով համաժողովին, հայտնաբերվել է տեխնիկական անսարքություն, հայտնում է ABC-ն՝ հղում անելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին։


Այդ պատճառով ինքնաթիռը շրջվել է երկնքում և վերադարձել Մերիլենդի Էնդրյուս ավիաբազա։ Պետդեպարտամենտը միջադեպի մանրամասները չի հայտնել։  


Գերատեսչությունում հայտնել են, որ Ռուբիոն Գերմանիա կմեկնի մեկ այլ ինքնաթիռով, իսկ ավելի ուշ՝ Մերձավոր Արևելք: Մյունխենի համաժողովը տեղի կունենա փետրվարի 14-16-ը, սպասվում է, որ դրա շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Փետրվարի 15-18-ը նա կայցելի Իսրայել, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։