ԱՄՆ-ը չի բացառում, որ կարող են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ կամ իրենց զորքերն ուղարկել Ուկրաինա, եթե ՌԴ նախագահ Պուտինը չհամաձայնի խաղաղության պայմանագրին, որը Կիևին կերաշխավորի երկարաժամկետ անկախություն, The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
«Կան ճնշման տնտեսական լծակներ, կան, իհարկե, նաև ճնշման
ռազմական լծակներ»,- ասել է Վենսը։ Նրա խոսքով՝ Ուկրաինա
ամերիկյան զորքեր ուղարկելու տարբերակը մնում է «օրակարգում», եթե Մոսկվան
հրաժարվի բանակցություններից։
ԱՄՆ փոխնախագահի կարծիքով՝ Ռուսաստանի հետ բանակցությունների
արդյունքում կարող է ստացվել «գործարք, որը շատերին կցնցի»։ Միաժամանակ նա նշել է,
որ բանակցությունների ընթացքում Թրամփը կարող է փոխել իր կարծիքը այս կամ այն
հարցի շուրջ։ Նրա վարչակազմի նպատակն է այժմ Պուտինին համոզել, որ նա
դիվանագիտական ճանապարհով կարող է հասնել
ավելիին, քան մարտի դաշտում։.
Վենսը հավելել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե
Ուկրաինայի որ հատվածը կարող է մնալ Ռուսաստանի վերահսկողության տակ, կամ
անվտանգության ինչ երաշխիքներ կարող են Կիևին առաջարկել ԱՄՆ-ը և արևմտյան այլ
երկրներ։ Այս մանրամասները, նրա խոսքով, պետք է մշակվեն խաղաղ բանակցությունների
ընթացքում։ «Կան բազմաթիվ ձևակերպումներ, կոնֆիգուրացիաներ, բայց մեզ հուզում է
Ուկրաինայի ինքնիշխան անկախությունը»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։
Բացի դրանից, Վենսն առաջարկել է վերբեռնել
հարաբերությունները Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով բարեհաջող խաղաղության պայմանագրից հետո: ԱՄՆ փոխնախագահի կարծիքով՝ Մոսկվայի ներկայիս մեկուսացումը
արևմտյան շուկաներից նրան դարձնում է
«Պեկինի կրտսեր գործընկերը»։