Թուրքիան «Բայրաքթարներ» է մատակարարել Կոսովոյին. Սերբիան բողոքի նոտա է հանձնել թուրք դեսպանին
Թուրքիան սպառազինություն է մատակարարել Կոսովոյին, Բելգրադը մտահոգված է և Սերբիայում Թուրքիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնել։ Այս մասին սերբական RTS հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարարությանն առընթեր պետքարտուղար Նեմանյա Ստարովիչը։

Ավելի վաղ ինքնահռչակ Կոսովոյի վարչապետը սոցցանցերում հայտարարել էր, որ Պրիշտինան գնել է թուրքական Bayraktar անօդաչուներ։ Նա նաև զետեղել էր ստացված ԱԹՍ-ների լուսանկարները։

«Թուրքիան ակտիվորեն զինում է Պրիշտինային, և դա բարձրացնում է ռիսկերի մակարդակը»,- ասել է Ստարովիչը։

Սերբիայի հատուկ ծառայությունները, նրա խոսքով, տեղեկություններ ունեն, որ Թուրքիան Պրիշտինային է մատակարարել անօդաչուներ, հակատանկային համակարգեր, ականանետներ և այլ զինատեսակներ, սակայն դա հակասում է Կոսովոյի վերաբերյալ մի շարք միջազգային փաստաթղթերի:

«Սերբիան բողոքի նոտա է հանձնել Բելգրադում Թուրքիայի դեսպանին: Մենք օգտագործում ենք մեր տրամադրության տակ եղած բոլոր ուղիները՝ զգուշացնելու համար Թուրքիային, որ Անկարայի այս քայլերը մեզ համար անընդունելի են և անհանգստություն են առաջացնում»,- ասել է Ստարովիչը։