Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համարում է, որ Թուրքիան կատարյալ վայր է ՌԴ-ի և ԱՄՆ-ի հնարավոր բանակցությունների համար, այդ թվում` երկու երկրների ղեկավարների մակարդակով:
«ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսության գործընթաց է սկսվել։ Մեր երկիրը կատարյալ վայր կարող է դառնալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների համար»,- ասել է Թուրքիայի ղեկավարն այսօր Անկարայում Վլադիմիր Զելենսկու հետ ասուլիսի ժամանակ։
Թուրքիայի ղեկավարը հավելել է` ուկրաինական հակամարտությունն արդեն պետք է ավարտվի։
«Այս պատերազմը պետք է ավարտվի։ Ես հայտարարել եմ, որ մեր երկիրը շարունակելու է աշխատել Սև ծովում առևտրային նավարկության անվտանգության ապահովմանն ուղղված որոշման իրականացման ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ նման որոշումը վստահության ամրապնդման միջոց կծառայի բանակցությունների տանող գործընթացում»,- ասել է նա։