Ռուբիոն եվրոպացի գործընկերներին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չի չեղարկի մինչև պատերազմի ավարտը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եվրոպացի դաշնակիցներին հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կպահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները առնվազն այնքան ժամանակ, մինչև համաձայնություն ձեռք չբերվի ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի մասին:


Ռուբիոն դրանում հավաստիացրել է «եվրոպական գործընկերների խմբին» հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև բանակցություններից անմիջապես հետո:


ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես հայտնել է, որ Էր Ռիադում հանդիպումից հետո Ռուբիոն զանգահարել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներին և եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասին։


«Պետքարտուղարը ԱԳ նախարարներին տեղեկացրել է այս հանդիպման մասին։ Նրանք պայմանավորվել են սերտ շփումներ պահպանել Ուկրաինայում հակամարտության երկարաժամկետ դադարին հասնելու աշխատանքի ընթացքում»,- ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։


Փետրվարի 18-ին Էր Ռիադում ՌԴ և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբիոն հայտարարել էր, որ արևմտյան երկրները ստիպված կլինեն չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի դեպքում։ «Ցանկացած հակամարտության դադարեցման համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը գնան զիջումների», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ պատասխանելով Մոսկվայի դեմ Վաշինգտոնի կողմից սահմանված սահմանափակումների ապագայի մասին հարցին։