«Արդյունք կա». Պուտինը՝ ՌԴ-ԱՄՆ բանակցությունների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «բարձր» է գնահատում ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքները, որոնք տեղի են ունեցել փետրվարի 18-ին Էր Ռիադում։ Նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը։


«Այո, ինձ զեկուցել են [բանակցությունների արդյունքների մասին]։ Ես դրանք բարձր եմ գնահատում: Արդյունք կա»,- ասել է Պուտինը։


Նա նաև հաստատել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը «համաձայնել են վերսկսել դիվանագիտական ​​գերատեսչությունների աշխատանքի նորմալ ռեժիմը»։ Այս մասին նախօրեին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ՌԴ նախագահի խոսքով՝ դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքին խոչընդոտելը «ոչ մի լավ բանի չի հանգեցնի»։


«Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա այդ շենքերում կաշխատեն միայն հավաքարարները»,- Պուտինի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։


Պուտինի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ բանակցային գործընթացը տեղի է ունենալու Ուկրաինայի մասնակցությամբ, նրան ոչ ոք չի բացառում բանակցություններից։


Պուտինը նաև ասել է, որ Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են տնտեսությունը, էներգետիկան և տիեզերքը։


Նա հավելել է, որ Թրամփի հետ հանդիպելու ցանկություն ինքն ունի, սակայն հանդիպմանը պետք է նախապատրաստվել, որպեսզի արդյունք լինի։