Ռուս-ուկրաինական պատերազմի երրորդ տարելիցն է. Չեխիայում և Բելգիայում տեղի են ունեցել հանրահավաքներ՝ ի պաշտպանություն Ուկրաինայի

Չեխիայում և Բելգիայում տեղի են ունեցել հանրահավաքներ Ուկրաինայում պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ։


«Ազատություն» ռադիոկայանը փոխանցում է, որ մի քանի հազար մարդ դուրս է եկել Պրահայի Ստարոմեստյան հրապարակ՝ «Միասին հանուն Ուկրաինայի» անվանումը կրող հանրահավաքի։ Հանրահավաքի մասնակիցներն ու կազմակերպիչները կոչ են արել «աշխարհին ցույց տալ, որ մենք պաշտպանում ենք Ուկրաինային և կպաշտպանենք այնքան, որքան անհրաժեշտ լինի»:


Ներկաների առաջ ելույթ են ունեցել Չեխիայի նախագահ Պետր Պավելը, Չեխիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Զվարիչը, ինչպես նաև չեխ իրավապաշտպաններ և արվեստագետներ։


«Բացի այն բանից, որ Ուկրաինան արժանի է փառքի, ես ցանկանում եմ նրան շուտափույթ խաղաղություն՝ արժանապատիվ, արդար խաղաղություն։ Որպեսզի Ուկրաինան ունենա ապագա, որը կարող է ընտրել կա՛մ Եվրոպայի, կա՛մ ՆԱՏՕ-ի սահմաններում, բայց պետք է ինքն անձամբ ընտրի, իսկ Ռուսաստանը չպետք է հնարավորություն ունենա որոշելու նրա ապագան»,- ասել է Չեխիայի նախագահը։


Ի պաշտպանություն Ուկրաինայի հանրահավաքներ են տեղի ունեցել նաև Բրյուսելում։ Մի քանի հազար մարդ հավաքվել է քաղաքի կենտրոնում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երրորդ տարելիցի կապակցությամբ։ Մասնակիցները երգել են Ուկրաինայի հիմնը և վանկարկել՝ «Ռուսաստանը պետք է վճարի», «Փառք Ուկրաինային», «Խաղաղություն Եվրոպայի համար, հաղթանակ՝ Ուկրաինայի»։