ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը

ԵՄ արտաքին գործերի նախարարները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթին  Ուկրաինայում մարտական գործողությունների երրորդ տարելիցի կապակցությամբ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկու դիվանագետների։


Սահմանափակումների նոր փաթեթը նախատեսում է նաև առաջնային ալյումինի ներմուծման արգելք։ Ի թիվս այլ բաների, ԵՄ երկրները կարգելեն քրոմի և որոշ քիմիկատների ներմուծումը, ինչպես նաև նավթա- և գազավերամշակման գործարանների սպասարկումը։ ԵՄ-ն նաև Ռուսաստանին ծրագրային ապահովման մատակարարման նոր սահմանափակումներ է մտցրել։


ԵՄ-ն սև ցուցակում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձանց: Լրատվամիջոցները գրում են, որ սահմանափակումները կվերաբերեն 13 բանկերի, ինչպես նաև 73 նավերի, որոնք ԵՄ-ն համարում է «ռուսական ստվերային նավատորմի» մաս։ ԵՄ-ն արգելել է ռուսական 8 լրատվամիջոցի հեռարձակումը Եվրոպայում։


Սև ցուցակում ներառվել են նաև 53 ընկերություններ, այդ թվում՝ Հնդկաստանից, Ղազախստանից, Չինաստանից, ԱՄԷ-ից, Սինգապուրից, Թուրքիայից և Ուզբեկստանից: