ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում տեղի ունեցած պայթյունները ունեն ահաբեկչության բոլոր նշանները, և ռուսական կողմը Ֆրանսիայից պահանջում է քայլեր ձեռնարկել դիվանագիտական առաքելության անվտանգությունն ուժեղացնելու համար։
Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ փետրվարի 24-ին պայթյուն է տեղի ունեցել Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների բրիգադները։ Փոքր-ինչ ուշ գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին տեղական Marseillaise պարբերականին հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել ոչ թե մոտ, այլ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության տարածքում։
«Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում տեղի ունեցած
պայթյունները ունեն ահաբեկչական հարձակման բոլոր նշանները:
Մենք պահանջում ենք հավատարմագրող երկրից սպառիչ և շուտափույթ միջոցներ ձեռնարկել հետաքննության ուղղությամբ, ինչպես
նաև քայլեր ռուսական օտարերկրյա հաստատության անվտանգության ուժեղացման համար»,- ասել է Զախարովան։