ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանության է արժանացրել Ուկրաինայի հարցով «չեզոք» բանաձևի նախագիծը, որն առաջարկվել է ԱՄՆ ներկայացուցիչների կողմից։
Անվտանգության խորհրդի նիստը կայացել է փետրվարի 24-ի
երեկոյան՝ լայնամասշտաբ պատերազմի մեկնարկի երրորդ տարելիցին։ Բանաձևն ընդունվել է
10 կողմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Դանիա,
Հունաստան և Սլովենիա (Անվտանգության խորհրդում ընդգրկված է ընդհանուր 15 պետություն,
«դեմ» ձայներ չեն եղել)։
ԱՄՆ-ն առաջարկել է նույն տեքստը, որը ներկայացվել էր
նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Այն, սակայն, այնտեղ ընդունվել էր եվրոպական
երկրների երեք ուղղումներով, որոնք պահանջում էին դատապարտել ռուսական ագրեսիան։
Անվտանգության խորհրդում տեքստում առաջարկված ուղղումներից ոչ մեկը չի անցել՝ կամ այն պատճառով, որ նրանք չեն հավաքել անհրաժեշտ թվով ձայներ, կամ որ
Ռուսաստանը վետո է դրել դրանց վրա։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչը նախագիծն
անվանել է «խորհրդանշական, առաջին պարզ քայլը դեպի խաղաղություն»՝ հավելելով, որ
դա «խաղաղության համաձայնագիր չէ»։
Անվտանգության խորհրդում ձեռնպահ քվեարկած Մեծ Բրիտանիայի
ներկայացուցիչը նշել է, որ «չի կարող որևէ հավասարություն լինել Ռուսաստանի և
Ուկրաինայի միջև պատերազմի նկատմամբ Խորհրդի վերաբերմունքում»։ Նա հավելել է, որ
«Մոսկվան է, որ որոշել է ագրեսիվ պատերազմ սկսել», և Անվտանգության խորհուրդը
«պետք է դա հստակ հայտարարի»։
Ռուսաստանի ներկայացուցիչը բանաձևի տեքստն անվանել է «ողջամիտ
նախաձեռնություն» և հայտարարել, որ նախագիծն արտացոլում է ԱՄՆ նոր վարչակազմի
ցանկությունը՝ «իսկապես ներդրում ունենալ»: Նրա խոսքով՝ «միակ խաղացողը, ով
ցանկանում է պատերազմի շարունակություն», մնում է «ռազմականացած Եվրոպան»։
Նիստի արդյունքներով Խորհուրդը կոչ է արել շուտափույթ
դադարեցնել հակամարտությունը և Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև կայուն խաղաղություն
հաստատել: