«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին կարող եմ վերջ տալ մի քանի շաբաթում». Թրամփը՝ Մակրոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը հայտարարել է, որ կարող է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալ մի քանի շաբաթում։


Թրամփի խոսքով՝ այս կամ հաջորդ շաբաթ կարող է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Սպիտակ տանը՝ օգտակար հանածոների հետ կապված գործարքը ստորագրելու համար: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները և Ուկրաինան «շատ մոտ են վերջնական համաձայնագրի կնքմանը»։


Բացի դրանից, ԱՄՆ նախագահի խոսքով, ինքը պատրաստ է հարմար ժամանակ այցելել Մոսկվա, սակայն մայիսի 9-ը կարող է շատ վաղ ժամկետ լինել։ Թրամփը նշել է, որ չգիտի՝ երբ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, բայց դա վաղ թե ուշ տեղի կունենա։


 Մակրոնն իր հերթին հերթական անգամ անգամ հայտնել է Ուկրաինայի տարածք եվրոպական զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին։ Թրամփն ի պատասխան ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կընդունի» Եվրոպայից խաղաղապահներ ուղարկելու գաղափարը պոտենցիալ խաղաղության համաձայնագրի շրջանակներում։


Հարցին, թե արդյոք Ուկրաինան պե՞տք է տարածք զիջի Ռուսաստանին պատերազմի ավարտի մասին համաձայնագրի շրջանակներում, Թրամփը պատասխանել է. «Տեսնենք»: Նա հավելել է, որ բանակցությունները նոր են սկսվում։


Մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփին հարցրել են՝ արդյոք Պուտինին բռնապետ կանվանե՞ր. անցյալ շաբաթ նա բռնապետ անվանել է Զելենսկուն։ «Ես այդ բառերը թեթևամտորեն չեմ օգտագործում: Տեսնենք ինչպես ամեն ինչ կանցնի: Մենք մի քանի երկրների միջև իսկապես լավ համաձայնագրի հասնելու հնարավորություն ունենք»,- նշել է ԱՄՆ նախագահը։


Ինչպես նշում է CNN-ը, Թրամփը մի քանի անգամ հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Պուտինը բռնապե՞տ է։