Այսօր Էր Ռիադում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների մասնակցությամբ ոչ մի հանդիպում տեղի չի ունենում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Նախարարությունը այլ մեկնաբանություն չի տվել։ Նաև չի հստակեցվել, թե Էր Ռիադում որևէ այլ հանդիպում տեղի ունենո՞ւմ է, թե՞ ոչ։
Միևնույն
ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով փետրվարի
25-ին Էր Ռիադում կայանալիք հանդիպման վերաբերյալ արևմտյան լրատվամիջոցների
տեղեկատվության մասին հարցին, հայտարարել է, որ «հաջորդ շփումները հերթում են՝ դրանք շփումներ են արտաքին գործերի նախարարությունների միջև, շփումներ փորձագիտական մակարդակով, ուստի խորհուրդ եմ տալիս այդ հանդիպման մասին տեղեկությունների համար դիմել ԱԳՆ»։
Պեսկովի խոսքով՝ այդպիսի
բանակցություններում կքննարկվեն երկխոսության կարգավորմանն ուղղված միջոցները։ Նա
նաև պարզաբանել է, որ առաջին հերթին դիվանագիտական գերատեսչությունների աշխատանքը նորմալացնելու միջոցառումները փոխադարձության հիման վրա «կքննարկվեն փորձագիտական մակարդակով հենց այդ բանակցություններում»։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր առավոտյան գերմանական Die Zeit-ը, հղում
անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ Էր Ռիադում տեղի է ունենալու ռուս-ամերիկյան պատվիրակությունների երկրորդ հանդիպումը։ Թերթը չէր հստակեցրել, թե ովքեր են մասնակցելու հանդիպմանը։ Աղբյուրների
տեղեկություններով՝ այդ հանդիպումը պետք է լիներ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի
մայրաքաղաքում տեղի ունեցած բանակցությունների շարունակությունը։