Հակոբ Սիմիդյանը և Վրաստանի դեսպանը քննարկել են բնապահպանական օրակարգի հարցեր

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գիորգի Շարվաշիձեին: Այդ մասին հայտնում են ՇՄ նախարարությունից:


 

Ողջունելով դեսպանին Շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարարն անդրադարձել է Հայաստանի և և Վրաստանի միջև բարեկամական և գործընկերային հարաբերություններին, մասնավորապես՝ վերջերս Երևանում տեղի ունեցած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստին, որի ընթացքում առիթ է ունեցել հանդիպելու հարևան երկրի իր գործընկերոջը և քննարկելու երկու երկրների միջև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։


 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնապահպանական օրակարգի հարցեր։


 

Նախարարն անդրադարձել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության գործարկման և համալրման ընթացքին և խոսել Վրաստանի կողմից բնության պահպանության փորձի փոխանակման անհրաժեշտության մասին։


 

Անդրադարձ է կատարվել նաև ջրային ոլորտում և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգում բնապահպանական առաջնահերթությունների համապատասխանեցմանը։


 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունն այս ուղղություններով ևս։