Ղրիմում զինամթերքի պահեստ է ենթարկվել ԱԹՍ-ների հարձակման
Այսօր՝ հուլիսի 24-ի առավոտյան ՌԴ ՀՕՊ ուժերը Ղրիմի երկնքում խոցել են ուկրաինական 11 անօդաչու, հայտնել է բռնակցված թերակղզու ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

«Հարված է հասցվել Ջանկոյ շրջանի զինամթերքի պահեստին: ԱԹՍ-ի բեկորներից վնասվել է նաև Կիրովի շրջանում գտնվող մասնավոր տունը»,- գրում է պաշտոնյան Telegram-ի իր ալիքում։

Անօդաչուների հարձակման պատճառով «անվտանգության նկատառումներով» դադարեցվել է երկաթուղով երթևեկությունը Ջանկոյ շրջանում և Ջանկոյ-Սիմֆերոպոլ մայրուղում, հավելել է Ակսյոնովը։

Որոշում է կայացվել նաև տարհանել տեղի բնակիչներին՝ Ջանկոյ շրջանում դեպքի վայրից հինգ կիլոմետր շառավղով։

Զինամթերքի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներ չկան, պնդում է Ակսյոնովը։