Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Արցախում է
Այսօր կայացել է  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը, ով այժմ  աշխատանքային այցով Արցախում է, ինչպես հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախի Հանրապետությունում քաղաքացիների կյանքի, տեղաշարժի և կենսական այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական ինստիտուտների գործունեության կազմակերպմանը, իրավակարգի և օրինականության ապահովման՝ իրավապահ մարմինների գործառույթների իրականացման բնականոնության ապահովմանը, ՊԲ զինծառայողների ծառայողական պարտականություններին և իրավունքներին առնչվող հարցեր:

Քննարկվել է նաև ռազմական գործողությունների հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինների, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքների, Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող հայ ռազմագերիների և մնացած անձանց վերադարձման ուղղությամբ կատարվող գործընթացներում ՀՀ և ԱՀ իրավապահ մարմինների գործառույթները համակարգված իրականացնելու խնդիրները։

Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը բոլոր հնարավոր միջոցներով շարունակում է աջակցել Արցախի դատախազությանը՝ ներկայիս բարդ իրավիճակում հանցավորության դեմ պայքարում, քրեական վարույթների շրջանակներում իր դատավարական գործառույթների իրականացմանը, ինչպես նաև ԱՀ-ում քրեական արդարադատության և իրավապահ համակարգում նախատեսվող վերափոխումներին: