Civic.am-ի զրուցակիցն է հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը։
- Պարոն Աթանեսյան, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են Խաղաղության պայմանագրի բոլոր դրույթները, սակայն Բաքուն շարունակում է պահանջել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անցկացում։ Կարծում եք՝ դրա շուրջ հնարավոր խոչընդոտները, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտի գործողությունները կարո՞ղ են խափանել պայմանագրի ստորագրումը։- Ադրբեջանը,
որքանով հասկացվում է, քաղաքական «միջսեզոն է ապրում»: Մինչև բոլորովին վերջերս Բաքուն
սպասում էր ուկրաինական կարգավորմանը: Այսօր, երևում է, այնտեղ հասկացել են, որ Ուկրաինայի
անկումը հետխորհրդային տարածքի ռուսաստանահպատակության ճանապարհ կհարթի, որից Ադրբեջանը
խուսափել չի կարող: Հայաստանի հետ պայմանագրի ստորագրման -չստորագրման երկվությունը
դրանով է պայմանավորված: Սահմանադրության կամ Մինսկի խմբի մասին «նախապայմանները» քարոզչական
են:
- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է երկու երկրների սահմանադրություններն
ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության
շուրջ, ինչքանո՞վ այն կարող է ստեղծված իրավիճակում աշխատող լինել։
- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այդ առաջարկությունը
ոչ միայն ողջունելի, այլև չափազանց ակտուալ պիտի գնահատվի: Ես չգիտեմ՝ կա՞ նման ընթացակարգ,
կամ Վենետիկի հանձնաժողովը նման իրավասություն ունի՞, բայց որ Ադրբեջանի Սահմանադրությունը
ենթակա է միջազգային իրավական փորձաքննության, այստեղ երկու կարծիք չպետք է լինի: Մնում
է, որ միջազգային իրավունքի մասնագետները գտնեն ԱԺ նախագահի առաջարկությունը ձևակերպելու
և իրավասու ատյանին ներկայացնելու պրոցեդուրան:
- Ինչո՞ւ է Բաքուն նորից գնում սադրանքների, ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը՝ արդեն երեք օր ՀՀ ԶՈՒ-ի կողմից
«կրակ բացելու» մասին կեղծ հաղորդագրություններ տարածելով, այն համատեքստում, երբ վարչապետի
աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Բաքուն որևէ փաստական տվյալ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ չի տրամադրել։
- Կարճ ասեմ. իմ տպավորությամբ՝ Ադրբեջանի ՊՆ այդ հաղորդագրությունների հասցեատերը Հայաստանը
չէ: Բաքուն փորձում է միջազգային դերակատարներից Հայաստանի հետ պայմանագրի ստորագրման
հարցում աջակցություն ստանալ:
- Թրամփի անվտանգային հարցերով խորհրդական Ուոլցը Ադրբեջանի
նախագահի օգնական Հաջիևին կոչ էր արել խաղաղության պայմանագիրը ստորագրել հիմա, նաև
ազատ արձակել հայ ռազմագերիներին։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, արդյոք
ԱՄՆ-ից կարելի՞ է լուրջ ճնշումներ սպասել առաջիկայում։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ
Թրամփի վարչակազմը մեր տարածաշրջանում սկսում է հետաքրքրություն ցուցաբերել։
- Եթե ռուս-ամերիկյան համաձայնություն
կայանա Ուկրաինայում, ապա դա կտարածվի նաև Հարավային Կովկասի անվտանգային միջավայրի
վրա:
- Տարբեր երկրներ ողջունեցին Խաղաղության պայմանագրի բանակցությունների
ավարտը։ Կան տեսակետներ, որ անհրաժեշտ է պայմանագրի ստորագրման համար ունենալ միջազգային
երաշխավոր, կիսո՞ւմ եք այս մոտեցումը։ Ո՞ր երկիրը կստանձնի այդ պարտավորությունը, և
արդյոք դա կարո՞ղ է հետագա սադրանքների համար
զսպող մեխանիզմ լինել։
- Կոնկրետ որևէ երկրի երաշխիք
չի աշխատի, ավելին՝ նոր խնդիրներ կառաջացնի։