Գյումրիում հետընտրական անորոշությունը շարունակվում է լարված պահել քաղաքական ուժերին, ու մինչև այս պահը հայտնի չէ՝ արդյոք ընտրական շեմը հաղթահարած, նախկին նախագահների հովանավորյալ ընդդիմադիր թեկնածուները կմիավորվե՞ն՝ վերցնելով իշխանությունը ՀՀ երկրորդ քաղաքում։ Նշենք, որ թեև ՔՊ-ն հաղթել է Գյումրիում՝ ստանալով ձայների մեծամասնությունը՝ 17 հազար 183 քվե, սակայն հաղթանակ դեռ չի արձանագրել՝ ընտրական օրենսդրության տառի և ոգու իմաստով։ Հաղթանակի իրավական արձանագրումը կլինի միայն այն դեպքում, երբ տեղի ունենա քաղաքի կառավարման վերստանձնումը ՔՊ-ի կողմից։
Քվեարկության արձանագրված
պատկերը վկայում է կարևոր իրողության մասին՝ ընտրական զեղծարարությունների այն մեքենան,
որը գործի էր դրվում նախկին ռեժիմի օրոք, շարունակում է մնալ անցյալում, մեքենա, որը
ընտրողի ազատ կամքի վրա թքած ունենալով, ավելի ճիշտ՝ այդ կամքը տարիներ շարունակ բռնաբարելով՝ «ինչքան ուզում, էդքան խփում էր»։ Ընտրություններին
մասնակցած գյումրեցիների առավելագույն մասը, ֆիքսենք, քվեարկել է ՔՊ-ի օգտին։ Իսկ ահա
նախկին ռեժիմը, որն ընտրապայքարին մասնակցում
էր Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան, Ռուբեն
Մխիթարյան, Կարեն Սիմոնյան ընդդիմադիր «կոնգլոմերատով»,
պարտվել է ստացած քվեների տոկոսով, սակայն վտանգ կա, որ կարող է ի չիք դարձնել ՔՊ-ի
հաղթանակը, եթե, իհարկե, այս չորսը որոշեն միանալ ու կոալիցիա կազմել։
Արձանագրենք հետընտրական «ստատուս քվոն»՝ մասնավորապես «Իմ հզոր
համայնք»-ն ու «Մայր Հայաստան»-ը հայտարարել են ՔՊ-ից հետո ձայների քանակով երկրորդ
տեղը գրաված Կոմկուսի ցուցակը գլխավորած Վարդան Ղուկասյանին միանալու մասին։ Հետընտրական
ինտրիգը, արդ, այլ ընդդիմադիր ուժի՝ «Մեր քաղաքը» դաշինքի որոշումն է՝ դրա ցուցակը
գլխավորող Մարտուն Գրիգորյանը, որը Սերժ Սարգսյանի կուրացիայի տակ գործող ԱԺ «Պատիվ
ունեմ» խմբակցության անդամ է ու վերջինիս հովանավորյալը,
արդյոք կմիանա՞ Վարդան Ղուկասյանին։ Եթե միացումը տեղի ունենա, ապա ՔՊ-ն, այո, կիշխանազրկվի,
թեև ստացած առավելագույն ձայներին։
Երեկ Գրիգորյանը հայտարարել
է՝ «վերահաստատում եմ ասածս՝ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է»։ Իսկ թե ի՞նչ է ունենալու այդ դեպքում Գյումրին՝
Գրիգորյանի խոսքից պարզ չի դառնում, քանի որ վերջինս մինչև այս պահը չի հայտարարել՝
պատրաստվո՞ւմ է միանալ իր երբեմնի քաղաքական մրցակցին՝ Վարդան Ղուկասյանին (Գրիգորյանը ժամանակին առաջադրվել էր Գյումրիի ընտրություններում
ու լարված մրցակցության մեջ էր նախկին քաղաքապետի հետ)։ Ի դեպ, Գյումրին 13 տարի կառավարած
նախկին քաղաքապետը երեկ տեղի ունեցած ասուլիսում գրեթե թախանձում էր իր երբեմնի մրցակցին միանալ իրեն՝ նկատելով, թե ճանաչում է Սերժ Սարգսյանի պատգամավորի
հորն ու հորեղբորը, ավելին՝ Գրիգորյանն ու նրա գերդաստանն ինչ սեփականություն որ ունեն,
ձեռք են բերել իր՝ Ղուկասյանի քաղաքապետ եղած ժամանակ։
Արդ, դիտարկենք նման որոշման
հավանական լինել-չլինելու թե քաղաքական, թե նաև բարոյական կողմը։ Թեև ՀՀ քաղաքական
մշակույթում բարոյականությունն ու քաղաքականությունը հաճախ եղել են հակոտնյա հասկացություններ, բայցևայնպես
ելակետ ընդունելով քաղաքական որոշումների կայացման բարոյական կողմը՝ մի քանի իրողություն
արձանագրենք. Վարդան Ղուկասյանը ընտրությունների օրը վերահաստատեց՝ «Արցախը հանձնողների»,
«հայրենիքի դավաճանների»՝ ՔՊ-ի հետ ճանապարհ գնացողը չէ՝ եթե անգամ ձեռքն ու ոտքը կտրեն։
Ասել կուզի՝ չի պատրաստվում ընտրություններից հետո միանալ իշխող ուժին, քանի որ «եթե
իմ պես տղեն միացավ, ուրեմն իմ արյունը սուտ է»։ Փաստորեն, ՔՊ-ին միանալը, ըստ Ղուկասյանի
արժեհամակարգի, բարոյական չէ։ Արդ, բարոյակա՞ն է, որ Վարդան Ղուկասյանը դաշնակցի այն
սուբյեկտի հետ (ի դեմս նրա կողմից հովանավորվող թեկնածուների), որը 2012-ին ՀՀԿ-ից
հեռացրել է իրեն ու ստիպել առժամանակ փակել քաղաքականության էջը։ Խոսքն, անշուշտ, Սերժ
Սարգսյանի մասին է։ Վարդան Ղուկասյանն, ի դեպ, քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո իր
հանրային ելույթներում մեկ անգամ չէ, որ քննադատել է Սերժ Սարգսյանի կառավարության՝
մասնավորապես սոցիալական քաղաքականությունը՝ ընդհուպ այսպիսի արձանագրմամբ. «Ինչքան
կերել եք, ձեզ հալալ ու ախորժ եղնի, հիմա մի
քիչ էլ ժողովրդի մասին մտածեք...»։ Այս հայտարարությունն, ի դեպ, Ղուկասյանն արել է այն ժամանակ, երբ «Ծառուկան»
դաշինքով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու: Ի դեպ, իր նկատմամբ ցուցաբերված «անմարդկային վերաբերմունքի» մասին Վարդան Ղուկասյանը
ստիպված էր խոստովանել քարոզարշավի ժամանակ՝
կրտսեր Վարդան Ղուկասյանին տված «ընտանեկան հարցազրույցում»։ Ավագ Ղուկասյանը, նկատենք,
ի պատասխան հարցի՝ 2018-ին Վարդանանց հրապարակում երբ «ճվում» էր՝ «քայլ արա, մերժիր
Սերժին», այսպիսով ի՞նչ էր արտահայտում՝ նախկինից կուտակված ցասո՞ւմը վարչակարգի դեմ, արձագանքել է. «Չէի ուզի այդ հարցին պատասխանել,
շատ ցավող հարց է, և ցավեցնում է երրորդ նախագահին
էդ իմ ասածը, շատ է ցավեցնում։ Ոնց ասեմ՝ փոշման չեմ, որ ասել եմ, փոշման չեմ... և
ազգային, և անհատական՝ ինձ հետ, որպես իր թիմակից,
ես իր թիմի անդամն եմ եղել ժամանակին, և իմ նկատմամբ լավ չեն պահել իրենք, շատ վատ են պահել։
Երբ որ մենք առանձին լինենք, ինքը ինձ հարց տա, ես կպատասխանեմ։ Չնայած իրենք գիտեն՝
ինչ են արել։ Ոչ մի մարդկային ուղեղի մեջ չի մտնում, թե իմ նկատմամբ ինչ են արել, ու
մի հատ թող ինձ ասեն՝ ես ինչ վատ բան եմ արել, որ իմ հանդեպ էդպես վերաբերմունք է եղել։
Մի խոսքով։ Էդ ժամանակ երկրի շահերի հետ կապված՝ եթե հինը չպիտի լիներ, Նիկոլ չէ, Պողոս
չէ, Երվանդ չէ, ով ուզում է դնեին՝ նա կանցներ...»։
Դառնանք Ղուկասյանի հանդեպ
ցուցաբերված «անմարդկային վերաբերմունքին». նա, հավանաբար, նկատի ունի 18 տարի առաջ այս
օրերին՝ 2007 թ. ապրիլի 2-ին, իր դեմ իրականացված մահափորձի մասին, որը առ այսօր չի
բացահայտվել։ ՏԻՄ ընտրությունների օրը Ղուկասյանն ընդհուպ հայտարարեց, թե զրահապատ
մեքենայով է շրջում, քանի որ վախենում է՝ հանցագործները
մինչև այժմ դրսում են։ Հետևապես նման մեքենայով կշրջի այնքան ժամանակ, քանի դեռ չորս
անձանց (որոնք այդ օրը եղել են Վարդան Ղուկասյանի հետ և նրան ուղեկցող մեքենայում) սպանությունը չի բացահայտվել։
Ղուկասյանն, ի դեպ, քվեարկության
օրը վերստին անդրադարձավ «Սերժին մերժելու» թեմային ու, մեղմ ասած, անպատվեց Սերժ Սարգսյանին՝
կրկնելով քոչարյանական թևի այն թեզը, թե 2018-ին Սերժն է իշխանության բերել Նիկոլ Փաշինյանին։
«Լավ եմ արել, որ ասել եմ՝ մերժիր Սերժին, քանի որ չէի ուզում, որ այդ իշխանությունը
մնար երկրի ղեկավար, և չգիտեի, որ ինքն է բերել էսօրվա ՔՊ-ին և իրար հետ էդպես, համագործակցված աշխատում են»։
Հիմա, փաստորեն, այս սուբյեկտը, որը հալածվել, ավելին՝ անմարդկային վերաբերմունքի
է արժանացել իր նախկին թիմակիցների ու անձամբ Սերժ Սարգսյանի կողմից, իր դեմ մահափորձի
հետևում, համոզված է, երևում է «ՀՀԿ-ի պոչը»,
պետք է մոռանա տեղի ունեցածը, թքի իր իսկ արյան
վրա ու կոալիցիա կազմի Սերժ Սարգսյանի պրոտեժե
Մարտուն Գրիգորյանի հետ։ Հարց Ղուկասյանին՝ արյունը, որ թափել է նախկին իշխանության
օրոք, սո՞ւտ է։ Եվ բացի դրանից, եթե, ըստ Ղուկասյանի, Սերժն ու ՔՊ-ն «համագործակցաբար»
են աշխատում, նշանակում է՝ միանալով Սերժի թեկնածուին՝ Մարտուն Գրիգորյանին, ինքը այսպիսով
համագործակցելու է Սերժի հետ համագործակցող ՔՊ-ի հետ։ Իրոք, բարդ ու խուճուճ կոմբինացիա
է, որը դժվար իրավիճակի առաջ է կանգնեցրել Գյումրին 13 տարի կառավարած ու «ողջ պլստացած»
Ղուկասյանին։
Դառնանք Սերժ Սարգսյանին
ու նրա հովանավորյալ Մարտուն Գրիգորյանին, որը, ի դեպ, ողջ քարոզարշավի ընթացքում այդպես
էլ չասաց՝ միանալո՞ւ է Վարդան Ղուկասյանին, եթե բանը հասնի կոալիցիա կազմելուն։ Նա,
ի դեպ, լրագրողների այս հարցադրումը համարում էր «սխալ» ու ժամանակավրեպ՝ համոզված
լինելով, որ ընտրություններում հաղթանակի դափնեկիրն ինքն է լինելու։
Արդ, Սերժ Սարգսյանը պատրա՞ստ
է Գրիգորյանի պարտությունից հետո, հանուն քաղաքականության, մոռանալ ինքնասիրության
մասին, միանալ Վարդան Ղուկասյանին, որը իրեն 2018-ին հրապարակավ մերժել է, այժմ էլ
մեղադրում է «ՔՊ-ի հետ համագործակցության»
մեջ։
Ի դեպ, դեռ փետրվարի
27-ին իր տեսաուղերձի ժամանակ հայտարարել էր՝ «եթե ինձ, իմ ընտանիքին, իմ հարազատներին
խփեն, դա կանի Սերժ Սարգսյանը, ուրիշ ոչ ոք»։ Նախկին քաղաքապետը, փաստորեն, մազոխիստ
է՝ ուզում է քաղաքապետ դառնալ այն սուբյեկտի օգնությամբ, որից վտանգ է տեսնում և կասկածում իրեն ու իր ընտանիքին խփելու մեջ։
Հ. Մ.