Եղանակների տաքանալուն զուգահեռ փողոցային ընդդիմությունը որոշել է նորից հակաիշխանական պրոցես գեներացնել։ Սովորության համաձայն։ Արդեն որերորդ անգամ։ Հո պարապ չե՞ն նստելու մինչև 2026-ի ընտրությունները, պետք է մի բան «բզբզան», բողոքական ժողովրդի, հաստկապես ԼՂՀ-ից բռնի տեղահանվածների դժգոհությունն ու բողոքական ոգին գրգռված պահեն՝ մինչև տեսնեն գլխներին գալիքը։ Արտախորհրդարանական ընդդիմության «բուկետի» ներկայացուցիչներից մեկը՝ Երևանի նախկին քաղաքապետ, «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման նախագահ Ալբերտ Բազեյանն է «Ազատության» հրապարակի վրանից անոնսել սպասվելիք փողոցային ակտիվացման մասին։ (Վրանը տեղադրել են Արցախցիների իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի ներկայացուցիչները՝ մարտի 29-ին արցախցիների կողմից հրավիրված հանրահավաքից հետո)։ «Եղանակները մի քիչ տաքանան, անձրևները կտրվեն, սկսելու ենք ընդդիմադիր շարժումները: Օր առաջ պետք է համախմբել մեր ժողովրդին, առողջ ազգային ուժերին, հայրենակցական միություններին, հասարակական կազմակերպություններին, ընդդիմադիր քաղաքական ուժերին: Մենք ոտքի ենք հանելու մեր ժողովրդին, ամբողջ Հայաստանով մեկ, մինչ այդ մասնաճյուղեր ենք բացելու բոլոր համայնքներում, Երևանի բոլոր համայնքներում, խոշոր քաղաքներում և բնակավայրերում, Մեղրիից մինչև Աշոցք ոտքի ենք հանելու մեր ժողովրդին՝ պահանջելով Փաշինյանի հրաժարական ու ԱԺ-ի լուծարում»,- ազդարարել է Բազեյանն ու... չի մոռացել հավելել. «Արցախը կորսված չէ, Արցախը ժամանակավոր անցել է Ադրբեջանին, մենք հետ ենք բերելու»։ Դեժավյու։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս օրերին փողոցներում մոլեգնում էր «սրբազան» կոչվող, ավելի ճիշտ՝ «չակնկալիքների» շարժումը, որի լիդերներից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խոստանում էր իր հետևորդներին Ոսկեպարով Արցախ վերադառնալ։ Այժմ էլ Բազեյանին ու նրա համախոհներին հրապարակ ուղարկած շահագրգիռ սուբյեկտներն են, փաստորեն, շարունակում երգել սրբազանի չստացված երգը, այն է՝ անիրատեսական ակնկալիքներ (չակնկալիքներ) գեներացնել ՀՀ քաղաքացիների և հատկապես արցախահայության շրջանում և այդ ալիքի վրա նրանց օգտագործել որպես գործիք՝ ներքաղաքական անկայունություն հրահրելու համար։
Չմոռանանք՝ արցախափրկչական մի շարժում էլ 2022 թվականին ՀՅԴ-ն էր նախաձեռնել, անունը դրել «Դիմադրություն» շարժում, մարդկանց փորձում էր փողոց հանել Արցախը փրկելու նպատակով, սակայն կեսից վերածվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող միջոցառման. մի քանի ամիս փողոցներում իրենք իրենց «դիմադրելուց» հետո փրկչախումբը նորից վերադարձավ փափուկ աթոռների ու բարձր աշխատավարձի վայր՝ ԱԺ։ Հիշեցնենք՝ Ալբերտ Բազեյանը 2023թ. սեպտեմբերի 23-ին (ԼՂՀ-ի նկատմամբ ռուս-ադրբեջանական ագրեսիայից հետո) ձերբակալվել էր, ապա՝ կալանավորվել իշխանությունն իբրև յուրացնելու նախապատրաստման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Նրանից բացի, ձերբակալվել էին նաև «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ-ի յոթ անդամ։ Նա տևական ժամանակ կալանքի, ապա՝ տնային կալանքի տակ էր, իսկ այժմ, փաստորեն, համապետական շարժման կազմակերպչական հարցերով է զբաղվում։
Այն, որ արցախահայության բողոքական տրամադրությունները կարող են օգտագործվել սպեկուլյատիվ
նպատակներով, ահազանգել էին հենց իրենք՝ արցախահայության ընդդիմադիր որոշ գործիչներ
և զգույշ լինելու, «չօգտագործվելու» կոչնակ հնչեցրել։ Մասնավորապես «Վաղվա Արցախ» կուսակցության
ղեկավար Տիգրան Պետրոսյանը մարտի 29-ի հանրահավաքից առաջ ֆեյսբուքյան գրառմամբ զգուշացրել
էր՝ «ցանկացած հավաք հնարավոր է շեղել և օգտագործել հավաքված մարդկանց լրիվ այլ նպատակներով...»՝
հավելելով. «Հանրության մեջ հավաքված էներգիան պետք է ըստ նպատակի օգտագործել, հակառակ
դեպքում ավելի շատ վնաս կտա նման հավաքը, քան օգուտ... Հորդորս կազմակերպիչներին՝ հանկարծ
չթողնեք, որ այդ հավաքը շեղեն՝ բեմում ինչ-որ պատգամավորներ, սրբազաններ ի հայտ գան,
վերածելով այդ հավաքը այլ բանի՝ դրանով դուք հավաքված մարդկանց կդառնաք խաբած, օգտագործած
քաղաքական նպատակներով, ի վնաս առաջին հերթին մեզ՝ արցախահայությանը...»։
Արդեն հանրահավաքից մի քանի օր
անց Պետրոսյանը ափսոսանք հայտնեց. «Արցախցիների հանրահավաքի կազմակերպիչներ՝ հիշո՞ւմ
եք, ինչ էի ձեզ ասում, հորդորում, խնդրում, համոզում։ Հիշո՞ւմ եք, ոնց էի նկարագրում
այն ամենը, ինչը հիմա կատարվում է... Էդ վրանը որ դրել եք, գոնե մտածե՞լ եք՝ ինչ երեսով
եք հավաքելու, չէ՞ որ դա միայն ձեր երեսը չէ, այլ նաև մերն է, քանզի բոլորի անունից
եք խոսում ու շարժվում... Սա լիակատար ձախողում է, ու այս ամենը կանխատեսելի էր, որովհետև
կազմակերպիչների բացարձակ մեծամասնությունը կիլոմետրերով հեռու է նման գործընթացներից»։
Մեկ այլ արցախցի հասարակական-քաղաքական
գործիչ էլ՝ Արթուր Օսիպյանը, հորդորել է հավաքի կազմակերպիչներին «մաքրել վրանը խառամուռա քաղաքական գործիչներից ու հստակ
պահանջները ներկայացնել կառավարությանը»։
Ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունը, որը
«ստարտ»-ի է և նախքան այս տարբեր դեմքերի մակարդակով չի բացառել փողոցային պայքարի
վերաակատիվացումը, առայժմ դիտորդի դերում է։ Հիշեցնենք՝ փետրվարին տեղի ունեցած իր վերջին ասուլիսում
նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես հայտարարեց, որ իր փաստացի ղեկավարմամբ գործող
«Հայաստան» դաշինքը «ծանրակշիռ մասնակցություն է ունենալու բոլոր գործընթացներին՝ լինի
փողոցային պայքար, թե ընտրություններ»։ Ենթադրաբար՝ փողոցային պայքար նախաձեռնած ու
ձախողած հայտնի ընդդիմադիր լիդերներն այժմ կողքից հետևում են՝ եթե պրոցեսն իրենց ուզած
սցենարով գնա, ամենակարևորը՝ մարդկանց գլխաքանակը բավականաչափ լինի, ապա «իքս» պահի
մարդամեջ դուրս կգան ու կստանձնեն շարժման լիդերությունը։
Մասնավորապես, ԱԺ «Պատիվ ունեմ»
խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը
նախորդ շաբաթ, ի պատասխան հարցի՝ արդյոք ընդդիմությունը նախաձեռնելո՞ւ է վարչապետին
իմպիչմենթ հայտնելու գործընթաց, քանի որ հայտարարում է, որ վերջինս ձախողել է ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությունը,
արձագանքել էր. «Անվստահության գործընթացը խորհրդարանական այն գործիքն է, որը մի կարևոր
պահի կարող է գործածվել։ Դժվարանում եմ այս պահին որոշակի ժամկետային կտրվածքով խոսել,
քանի որ դա զուտ կախված չէ խորհրդարան ներկայացված ընդդիմադիր տարբեր ուժերի դիրքորոշումից,
քանի որ դա մեծ առումով կախված է նաև փողոցում առկա իրավիճակից։ Եվ բնականաբար, որևէ
մեկը որևէ ձևով չի կարող բացառել, որ ինչ-որ կետում անհրաժեշտություն կառաջանա կամ
բարենպաստ դաշտ կձևավորվի այդ գործընթացի համար։ Ինքը կարևոր գործիք է, կիրառելի գործիք
է, բայց դրա հետ կապված պետք է լինի այլ գործոնների առկայություն, որոնք թույլ կտան
ոչ միայն բուն նախաձեռնություն դրսևորել, այլև
ունենալ արդյունավետ ելք»։ Ընդ որում, կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելն այն գործիքն է, որը «Դիմադրություն»
շարժման օրերին էլ փորձ արվեց օգտագործել,
սակայն՝ ապարդյուն։ Նկատենք, որ Աբրահամյանն այդ հայտարարությունն արել է մարտի
28-ին, նախքան «Ազատության» հրապարակում վրանի տեղադրումն ու փողոցային պրոցես սկսելը։
Հարկ է նշել, որ փողոցային պայքարի
այս՝ հերթական ռաունդը խմորվում է մի շրջանում, երբ Հայաստանը հայտարարել է ՀՀ-Ադրբեջան
խաղաղության համաձայնագրի ստորագրման պատրաստակամության
մասին։ Բացի դրանից՝ ՀՀ ԱԳՆ-ն օրերս հայտարարեց,
որ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման
վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության
և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։ ԱԳՆ-ի այս հայտարարությանը ընդդիմության տարբեր
խմբեր ծայրահեղ բացասաբար արձագանքեցին։ Այս երկու քաղաքական իրողությունները՝ խաղաղության գործընթաց
և Ղարաբաղի հարցի «փակում», կարող են գումարվել
արցախահայության սոցիալական բողոքին և, այսպես ասած, լեգիտիմացնել խորհրդարանական ընդդիմության
փողոցային պայքար սկսելու պլանները։
Այլ հարց է, թե հաշվի առնելով
երկրորդ և երրորդ նախագահների թիմերի միջև տեղի ունեցող փոխհրաձգությունը՝ արդյոք խորհրդարանական
ընդդիմությունն այս անգամ ի վիճակի կլինի՞ միասնաբար հանդես գալ «մեր թիվ մեկ օրակարգը Նիկոլ Փաշինյանի հեռացումն
է» օրակարգի շուրջ։ Ի դեպ, տեղեկություններ
կան, որ ապրիլի 23-ին մեկնարկող՝ ՀՅԴ ամենամյա
«ջահերով երթը» միանալու է «Ազատության» հրապարակում գեներացվող բողոքի պրոցեսին և այսպիսով
ազդարարվելու է ղարաբաղյան օրակարգով հերթական փողոցային շարժման մասին։
Հարկ է հիշեցնել՝ ՀՅԴ 35-րդ համաժողովի
արդյունքում ընդունած հայտարարության մեջ որպես
«ռազմավարական առաջնահերթություն» նշված էր «Արցախի ազատագրման օրակարգի շուրջ համազգային
համախմբումը, միջազգային իրավաքաղաքական երաշխիքների գործադրումով՝ արցախահայության հավաքական վերադարձի և հիմնարար մյուս իրավունքների իրացումը»։
Վերջին տարիների փորձը ցույց
է տալիս, որ երբ ՀՅԴ-ն համաժողով է հրավիրում, դրան որոշ ժամանակ անց հետևում են փողոցային
ակցիաները։ ՀՅԴ վերջին համաժողովը 2022-ին էր, որից շաբաթներ անց հնչեց «Դիմադրություն»
շարժման մեկնարկի «գոնգը»։
Հեղինե Մանուկյան