Փարաքար համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթանակը տոնած «Ապրելու երկիր» կուսակցության գործերը ՀՀ այլ համայնքներում այնքան էլ լավ չեն։ Сivic.am-ը պարզեց, որ մասնավորապես Ալավերդի համայնքում հիշյալ կուսակցության խմբակցության 9 անդամները համայնքի ավագանու՝ մարտի 18-ին կայացած նիստում ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ (15 կողմ, 1 դեմ) մանդատազրկվել են։ Վաղաժամկետ դադարեցվել են Ալավերդիի նախկին համայնքապետ, ավագանու անդամ, «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Արկադի Թամրազյանի, Սենիկ Չերչինյանի, Անահիտ Բադալյանի, Թագուհի Վարոսյանի, Գայանե Ալլահվերդյանի, Աբել Տիտանյանի, Արթուր Դավթյանի, Անդրանիկ Թամրազյանի, Տելեմակ Աղվանյանի՝ ավագանու անդամի լիազորությունները։
Ըստ ՏԻՄ օրենքի՝ ավագանու անդամի
լիազորությունները դադարեցվում են, եթե նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով
բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների, կամ մշտական հանձնաժողովի նիստերի
(որը պետք է արտացոլված լինի իր մասնակցությամբ ավագանու նիստերի ընթացքում ընդունված
փաստաթղթերի ստորագրություններով) ավելի քան կեսից։ Ինչպես ավագանու նիստի ժամանակ
հնչած իր ելույթում նշել է համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
անդամ Դավիթ Ղումաշյանը՝ հիշյալ խմբակցության անդամներից որևիցե մեկը երկար ժամանակ
չի մասնակցել ավագանու նիստերին, առաջարկություններ չի արել, չի մասնակցել համայնքի
կառավարմանը։ Նկատենք, որ ԱԵ խմբակցության ավագանու միայն մեկ անդամ՝ Աշոտ Չիլինգարյանը չի զրկվել մանդատից, քանի
որ նա ուշ է ստանձնել ավագանու մանդատը, և նրան ավագանու անդամի լիազորություններից
զրկելու ՏԻՄ օրենքով սահմանված ժամկետը չի լրացել։
Նշենք, որ համայնքի ավագանին
ավագանու նիստերից բացակայող ԱԵ-ականներին մանդատից զրկելու մտադրություն ուներ դեռ
կես տարի առաջ՝ հուլիսին, սակայն հարցն առկախվեց, քանի որ համայնքի կառավարումը ստանձնած
ՔՊ-ն լծված էր ավելի կարևոր օրակարգի՝ անցյալ տարի մայիսին համայնքին պատուհասած ավերիչ
ջրհեղեղի հետևանքների վերացմանը։
Նույնիսկ ջրհեղեղից հետո, երբ
ավագանին արտահերթ նիստեր էր հրավիրում, ԱԵ-ականները
շարունակում էին արհամարհել ժողովրդի կողմից իրենց տրված մանդատն ու չէին մասնակցում
նիստերին՝ անմասն մնալով ջրհեղեղի հետևանքների հաղթահարմանն ուղղված ավագանու աշխատանքներին։
Նրանցից և ոչ մեկը, ինչպես իր խոսքում նկատել
է համայնքի ղեկավարը, անգամ որպես քաղաքացի, չի մասնակցել ջրհեղեղի պատճառած վնասների
վերացման, մասնավորապես՝ մաքրման աշխատանքներին։
Հարություն Ձավարյանի դիտարկմամբ՝
2023 թ. դեկտեմբերից հետո ընդդիմության կարգավիճակ ստացած ԱԵ խմբակցության ավագանու
անդամներին մանդատազրկելը բնավ քաղաքական խնդիր չէ, և եթե ՔՊ-ն նման խնդիր դրած լիներ իր առջև, ապա դա կաներ 2024-ի հուլիսին։
«Սա քաղաքական որոշում չէ, և եթե ՔՊ խմբակցությունից
կգտնվի ավագանու գեթ մեկ անդամ, որը մեկ նստաշրջանի ընթացքում չի մասնակցի ավագանու
նիստերի մեծամասնությանը, ապա այդ անդամին մանդատազրկելու պրոցեսը նույնպես կսկսենք»,-
ավագանու նիստի ժամանակ հայտարարել է Ձավարյանը՝ արձագանքելով ավագանու ՀԱԿ խմբակցության
անդամ Տիգրան Պապոյանին, որը դեմ էր իր կոլեգաների մանդատազրկմանը։
«Ապրելու երկիր» խմբակցությունն
ուներ 13 անդամ, երեքը դուրս են եկել խմբակցությունից և դարձել ավագանու անկախ անդամ։ Այս պահին
«Ապրելու երկիր» ֆրակցիան ունի ընդամենը ավագանու գործող մեկ անդամ։
Հ. Ձավարյանը civic.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի՝ եթե
ԱԵ խմբակցությունը չունենա անդամների այն թիվը, որն ուներ ի սկզբանե, հնարավո՞ր է կառավարման ճգնաժամ առաջանա, շեշտեց՝ ոչ, չի առաջանա։
ԿԸՀ-ում հրապարակված ԱԵ կուսակցության 40-հոգանոց ընտրական ցուցակն ուսումնասիրելիս
պարզեցինք, որ ցուցակի հերթական համարների մեծ մասը՝ ավագանու 19 թեկնածու, ինքնաբացարակ է հայտնել։ Ցուցակում կա գրանցված երեք թեկնածու՝
Ռուզաննա Թամրազյան, Սամվել Էլբակյան, Արամայիս Խանդամիրյան։ Սամվել Էլբակյանը, նշենք,
ժամանակ առաջ հանդես է եկել հայտարարությամբ և նշել, որ դառնում է ավագանու անկախ անդամ։
Նարինե Թորոսյանն ու Սիմոն Զախարովն ավելի
վաղ էին հայտնել ավագանու անկախ անդամ դառնալու մասին։
Ալավերդի համայնքում, հիշեցնենք,
2023 թ. դեկտեմբերին տեղի ունեցավ, այսպես ասած, իշխանափոխություն՝ «Ապրելու երկիր»-ական
քաղաքապետին ՔՊ խմբակցությունն ու ավագանու
անկախ անդամ Սիմոն Զախարովը անվստահություն
հայտնեցին, ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանն էլ ընտրվեց համայնքի ղեկավար։ Թամրազյանի թիմի որոշ ներկայացուցիչներ աշխատանքից
ազատման դիմումներ գրեցին, իսկ «Ապրելու երկիր»-ական ավագանու անդամները որոշեցին բոյկոտել
ավագանու նիստերը։
Հ. Մանուկյան