Արմեն Սարգսյանը հանդիպելու է անհետ կորածների ընտանիքների անդամների հետ
Առաջիկայում նախատեսվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումն անհետ կորածների ընտանիքների անդամների հետ, տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հայտնելով, որ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը և աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ փետրվարի 22-ին հանդիպել են արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ:

Նախագահի աշխատակազմի ղեկավարին և աշխատակիցներին մանրամասն ներկայացվել են առկա խնդիրներն ու մտահոգություններն, ինչպես նաև որոնողական աշխատանքների ընթացքը:

«Հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված խնդիրների մասին այնուհետև զեկուցվել է նախագահ Արմեն Սարգսյանին»,- ասվում է հաղորդագրության մեջ, ըստ որի՝ առաջիկայում նախատեսվում է նաև Հանրապետության նախագահի հանդիպումն անհետ կորածների ընտանիքների անդամների հետ: