Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր 20.000-ից մինչև 50.000 ուկրաինացիներ կորցրել են մեկ կամ մի քանի վերջույթներ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ուկրաինական Houp Foundation բարեգործական կազմակերպությանը և պրոթեզների գերմանական Ottobock արտադրողին։
Վերջույթները կորցրած 50.000 ուկրաինացիների մասին տվյալներ է տրամադրում Ottobock-ը: Այս թիվը հիմնված է կառավարության և բուժհաստատությունների տեղեկատվության վրա, պարզաբանում է պարբերականը։ WSJ-ը նշում է, որ փաստացի թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ պրոթեզավորման գործընթացը երկար ժամանակ է պահանջում:
Կիևի Houp Foundation բարեգործական կազմակերպությունը հայտնել է, որ 200.000 ուկրաինացիներ լուրջ վիրավորումներ են ստացել, որոնց 10%-ի դեպքում պահանջվել է անդամահատում:
Այս թվերը համեմատելի են Առաջին համաշխարհային պատերազմի հետ, երբ, ինչպես նշում է The Wall Street Journal-ը, Գերմանիայի 67.000 և Մեծ Բրիտանիայի 41.000 բնակիչներ կորցրել են վերջույթները: Միևնույն ժամանակ, այն ժամանակ անդամահատումը հաճախ եղել է միակ լուծումը՝ վիրավորումից հետո մահը կանխելու համար։
Պատերազմի սկզբում անդամահատումների հիմնական պատճառները եղել են հրետակոծությունների և հրթիռակոծությունների ժամանակ ստացած վիրավորումները։ Այժմ արդեն շատերը վնասվածքներ են ստանում առաջնագծում տեղադրված ականների վրա պայթելու հետևանքով։ Բժիշկ Կոնստանտին Միլիցայի խոսքով՝ Զապորոժիեի մարզի, որտեղ այժմ ընթանում են հիմնական մարտերը, հիվանդանոցներ ընդունված պացիենտների 40-80%-ի դեպքում անհրաժեշտ է անդամահատել վերջույթները։
Ռազմական վիրաբույժների համաշխարհային խմբի ղեկավար Ահարոն Էփշտեյնը, որը ուսուցանում է ուկրաինացի բժիշկների, հայտնել է, որ արևմտյան ռազմական բժշկությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր նման մասշտաբի վնասվածքների չի բախվել։
Պրոթեզների արժեքը կարող է հասնել մինչև 50 հազար եվրոյի։ Ուկրաինայի իշխանությունները մինչև 20 հազար եվրո են տրամադրում զինվորականների պրոթեզավորման համար, իսկ քաղաքացիական անձանց օգնում են բարեգործական կազմակերպությունները, գրում է WSJ-ը։ Ուկրաինացի բժիշկներն ասում են, որ առողջապահական համակարգն այժմ ծանրաբեռնված է, որոշ հիվանդներ կարող են սպասել պրոթեզավորմանը մեկ տարուց ավելի: