Եթե Արցախը շարունակի պնդել, որ ՀՀ-ն պետք է ինչ-որ մանդատներ պահանջի ռուս խաղաղապահների համար, ապա այդ դեպքում իրենք թող իրենց խնդիրները լուծեն․ քաղաքագետ
Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար աղետի և այդ խնդիրների լուծման մասին Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

- Պարոն Ղևոնդյան, ինչո՞ւ ռուս խաղաղապահները չեն ապահովում հումանիտար օգնության մուտքը ԼՂ.  ըստ ձեզ՝ չե՞ն կարողանում, թե՞  չեն ցանկանում։ 

- Ես կարծում եմ՝ այնտեղ կա հստակ նպատակ, և այդ նպատակի հիմնական իմաստն այն է, որ Հայաստանը պետք է որոշակի գործողություններ իրականացնի, որ չի ցանկանում իրականացնել։ Դա կապված է ՀԱՊԿ, այսպես ասած, առաքելության տեղակայման հետ, որի մասին ռուսները միանգամից սկսեցին խոսել, երբ օգնությունը հասավ Կոռնիձոր։ Այդ պատճառով էլ Ռուսաստանը, Ադրբեջանին վկայակոչելով, Ադրբեջանն էլ, ՌԴ խաղաղապահներին վկայակոչելով, փոխադարձ փակ են պահում միջանցքը՝ թույլ չտալով, որպեսզի օգնությունը հասնի այնտեղ։

- Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Զախարովան ասել է. «Իհարկե, շատ բան կախված է նաև քաղաքական կամքից և փոխզիջումային քայլերի պատրաստակամությունից։ Եվ այս դեպքում լարվածությունը կարելի է հանել, և դրա համար մենք աշխատում ենք կողմերի հետ»։ Կա՞ նաև այլ բան, որ Ռուսաստանը ակնկալում է Հայաստանից՝ զիջելու համար։

- Խոսքը միայն ՀԱՊԿ առաքելության մասին չէ, խոսքը ընդհանրապես Հայաստանի արտաքին ակտիվության մասին է։ Փորձում են շանտաժի միջոցով ՀՀ-ին ստիպել, որ մնա, այսպես կոչված, «3+3»-ի տրամաբանության մեջ, ինչը ՀՀ-ն չի ցանկանում անել, որովհետև սեփական շահերին չի համապատասխանում։ Հայաստանը պետք է փորձի Արցախի ժողովրդի ու իշխանության համատեղությամբ բարձրացնել Արցախում և Բերձորի միջանցքում միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցը։

- Իսկ այս ամենի մեջ կարո՞ղ է տեղավորվել նաև,  այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պահանջը։ 

- Ես կարծում եմ, որ փաթեթային պահանջ գոյություն չունի։ Հիմա պահանջները հիմնականում ավելի օպերատիվ են՝ կապված ՀՀ-ի որոշակի գործողությունների հետ։ Իհարկե, կցանկանային նաև «Զանգեզուրի միջանցքը», բայց առաջին պահանջը արտաքին ակտիվությունը նվազեցնելն է և ՌԴ-ի հետ համագործակցության նախկին բոլոր ձևաչափերի վերականգնումը, ինչից հետո կլինեն նաև կոնկրետ այլ պահանջներ՝ ՀԱՊԿ-ի և «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։

- Եթե ՌԴ-ն հրաժարվում է պատասխանատվություն ստանձնել Լաչինի միջանցքի բացման համար, ինչպես նաև ԼՂ հայերի անվտանգության համար, ապա ի՞նչ պետք է անի ՀՀ-ն։

- Միակ հնարավորությունը խաղաղապահ կոնտինգենտը բազմազգ խաղաղապահներով փոխարինումն է։ Բայց կա շատ կարևոր նախապայման՝ Արցախի ժողովրդի ու իշխանությունների ցանկությունը։ Եթե Արցախը համաձայնի, և ինքը պահանջի փոխարինել ռուս խաղաղապահներին, ապա ՀՀ-ն ևս պետք է ամեն ինչ անի դրա համար, որպեսզի դա տեղի ունենա։ Իսկ եթե Արցախը շարունակի պնդել, որ միայն ռուս խաղաղապահները պետք է լինեն, և  ՀՀ-ն պետք է ինչ-որ մանդատներ պահանջի այդ ռուս խաղաղապահների համար, ապա այդ դեպքում իրենք թող իրենց խնդիրները լուծեն։

- Պարոն Ղևոնդյան, իսկ կա՞ն կազմակերպություններ կամ երկրներ, որոնք պատրաստ են նման պարտականություն իրենց վրա վերցնել և խաղաղապահ զորք ուղարկել Արցախ։ 

- Այո, կան։ Պետք է ներկայացնել իրավիճակը և փորձել իրենց  հետաքրքրությունները կապիտուլացնել տեղում և ցույց տալ, որ նրանք կարող են այդ գործողությունը անելով տեղում խնդիրներ չունենալ։ Հավաստիացնում եմ, որ պատրաստակամություն ունեցողների քանակը մեկը կամ երկուսը չեն։ Կոնկրետ անուններ նշելու կարիք չեմ տեսնում, բայց մեկ  օրինակ կարող եմ բերել։ Մեկ տարի առաջ այս նույն օրերին նույն կերպ խոսվում էր նաև ՀՀ սահմանների վերաբերյալ, և ընդամենը մեկ կամ երկու ամիս անց ՀՀ սահմաններին հայտնվեցին Եվրամիության դիտորդները, ինչը շատ լուրջ ազդեցություն է ունենում ՀՀ-ի համար։ 
Հիմա կան տարբեր միջազգային խաղացողներ, որոնք ունեն ցանկություն, բայց այդ ցանկությունը պետք է համատեղվի նաև աշխարհաքաղաքական համապատասխան իրավիճակի, ՀՀ-ի ու Արցախի դիրքորոշումների և այլ գործոնների հետ։ Իսկ այդ գործոնների ապահովումը պետք է ապահովվի ՀՀ-ի ու Արցախի կողմից։

- Իսկ դրա համար Ադրբեջանի համաձայնություն պետք չէ՞։

- Ադրբեջանի համաձայնությունը պետք է մի շարք դեպքերում, եթե, օրինակ, որոշակի ռազմական գործողություններ են տեղի ունենում։ Հիմա ՀՀ-ին ու Արցախին պետք է  այդ մեխանիզմները աշխատեցնելու համար որոշակի քայլեր ձեռնարկել, որի առաջին քայլը կլինի այն, որ Արցախը հայտարարի, որ ինքը ցանկանում է փոխարինել ռուսական խաղաղապահ կոնտինգենտը բազմազգ խաղաղապահ կոնտինգենտով։ 

- Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Մարիա Զախարովայի այն հայտարարությունը, որ Մոսկվային ուղղված պահանջները՝ անբավարար ջանքերի վերաբերյալ, Հայաստանի ղեկավարության կողմից անտեղի են, որովհետև Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է որպես ադրբեջանական։

- Զախարովայի հայտարարությունը այդքան էլ մեկնաբանելու կարիք չկա։  Դա Հայաստանին ճնշելու գործիքներից մեկն է։  Նրան ամենալավը պատասխանել է ՀՀ ղեկավարը, որ Զախարովան պետք է ականջին օղ անի, թե ինչ է ասում ՀՀ ղեկավարությունը։

Դավիթ Լևոնյան