Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է ՀՀ-ի հետ «խաղաղության գործընթացի մի քանի ուղղությունների մասին»

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացն ունի մի քանի ուղղություններ: Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է մարտին։


Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։


«Այս պահին Ադրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի։ Դրանք կապված են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացառման և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ: Մենք հետևում ենք գործընթացներին, կան շփումներ»,- ասել է նա:


Բայրամովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շուրջ աշխատանքները շարունակվում են երկու երկրների փոխվարչապետերի նախագահությամբ գործող հանձնաժողովների մակարդակով։ 


«Ադրբեջանի դիրքորոշումը տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հարցում հայտնի է: Կարծում եմ՝ այնտեղ շփումներ կլինեն։ Մենք սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր պարտավորությունները այս ուղղությամբ»,- ասել է Բայրամովը։