Այսօր՝ փետրվարի 9-ին, Ազգային Ժողովի նիստի օրակարգում է ԲԴԽ-ի կողմից առաջադրված Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը։ Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն Լիլիթ Թադևոսյանն է։
Լիլիթ Թադևոսյանը 2008թ․ մարտի 1-ից հետո «7-ի գործով» մեղադրող դատախազներից է եղել․ այդ ժամանակ ամբաստանյալի աթոռին էր նաև նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը։
Civic.am-ը կապ հաստատեց ներկայումս արդեն ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի վերաբերյալ մեկնաբանություն լսելու նապատակով։
«Լիլիթը իմ գործով ներգրաված է եղել որպես մեղադրող դատախազ։ Առաջին օրը եկել է, ամբողջ նիստի ընթացքում լաց է եղել, նիստից հետո գնացել է Գլխավոր դատախազություն և Աղվան Հովսեփյանին դիմում է գրել՝ «Խնդրում եմ ինձ ազատել դատախազի պաշտոնից, կամ ես հրաժարվում եմ մասնակցել Ջհանգիրյանի գործով որպես մեղադրող դատախազ»։ Հետո այլևս չի մանսակցել ինձ ներկայացված մեղադրանքի պաշտպանությանը»,- մեզ հետ զրույցում պատմեց Գագիկ Ջհանգիրյանը՝ հրաժարվելով գնահատական ներկայացնել Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի գործունեության առթիվ։
Հիշեցնենք, որ Լիլիթ Թադևոսյանը ԲԴԽ-ի կողմից առաջադրվել է Վճտաբեկ դատարանի նախագահի թեկնածու 2020թ․-ի հոկտեմեբերին։ Իսկ այս տարի՝ 2021թ․-ի հունվարին Գագիկ Ջհանգիրյանն ընտրվեց ԲԴԽ անդամ։