Ընդդիմությունը ատելությունից կուրացած համախմբվել է. փողոցներն ընկած՝ հերթական ֆիասկոն են ապրելու

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ զրուցել ենք ընդդիմության համախմբման, Սահմանադրության փոփոխության դեմ ակցիաների և ներքաղաքական իրավիճակի մասին։  


Սահմանադրության փոփոխության դեմ ակցիաները պատգամավորը որակում է դատարկախոսություն։


«Հիմա, քանի որ հստակ որևէ անելիք չունեն, սակայն պիտի իրենց ընդդիմադիր լինելու գոյությունը արդարացնեն, որոշել են ընկնել փողոցները և Սահմանադրության դեմ պայքարել։ Իրենք պայքարում են Հայաստանի անկախության համար, սակայն Հայաստանի անկախությունն առաջին հերթին իրենք են կասկածի տակ դրել՝ ասելով, որ առանց Ռուսաստանի մենք անտեր ենք մնում, մեզ տեր է պետք, մեզ անընդհատ երաշխավոր է պետք. ես իրենց խոսքերն են կրկնում, և այդպիսի խոսքեր ասող մարդիկ, որոնք անընդհատ երաշխավոր են փորձում գտնել, որոնք հովանավոր երկրներ  են փորձում գտնել, հիմա խոսում են անկախությունից, թեև անկախությունը, մեր տեսանկյունից, որևէ կերպ վտանգված չէ»,- ասաց պատգամավորը։


Խոսելով ընդդիմության համախմբումից՝ նա ասաց, որ այս ուժերից ընդհանրապես պետք չէ ոչինչ սպասել, ուղղակի պետք է սպասել, թե էլ որտեղից կարող են միանալ իրենց, որ իրենց անհաջողությունն արդեն վերջնական լինի։


«Սա հերթական անհաջողության դատապարտված ակցիան է, համախմբումն է, որը ոչինչ չի տալու, այսպես կոչված, միասնական ընդդիմությանը։ Իրականում իրենք էլ միասնական չեն, իրենք իրենց շահերն են հետապնդում. մի մասը քրեական գործերով է անցնում, և դա քաղաքականացնում է, մի մասը որոշել է ուղղակի քաղաքական ինչ-որ անիրատեսական պայքարի մեջ մտնել։ Մարդիկ են, որոնք ունեն սեփական շահեր, նրանք չունեն մեկ շահ կամ մեկ ուղղություն»,- հավելեց պատգամավորը։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան