Նոյեմբերի 16-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպական միության նախաձեռնությամբ կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» խորագրով նախարարական հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից:
Նախարար Միրզոյանը ելույթով է հանդես եկել «Միջտարածաշրջանային փոխկապակցվածության իրականացում» թեմայով քննարկմանը։
Իր ելույթում Արարատ Միրզոյանն անդրադարձել է 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովից հետո տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ արձանագրված առաջընթացին, մասնավորապես՝ «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման շրջանակներում ձեռնարկվող քայլերին ինչպես իրավապայմանագրային դաշտի ապահովման, այնպես էլ գետնի վրա աշխատանքների իրականացման մասով։ Նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների կառուցումը և/կամ վերագործարկումը կարող է շոշափելի տնտեսական օգուտներ ապահովել տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ ընդգծելով Հայաստանի հանձնառությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հիմքում ընկած ներառականության և փոխշահավետության սկզբունքները։
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ փոխկապակցվածության գործընկերությանը՝ Արարատ Միրզոյանը կարևորել է սահմանային անցակետերի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, մաքսային ընթացակարգերի պարզեցման, առևտրի թվայնացման, ինչպես նաև էներգետիկ և թվային փոխկապակցվածության ընդլայնման ուղղությամբ համագործակցությունը։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ քաղաքական հանձնառությունները պետք է վերածվեն կոնկրետ, չափելի արդյունքներ ապահովող ծրագրերի՝ միջազգային ֆինանսական հաստատությունների և մասնավոր հատվածի ներգրավմամբ։
Նախարար Միրզոյանն ընդգծել է Սև ծովը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող հուսալի տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների ձևավորման կարևորությունը՝ շեշտելով, որ փոխկապակցվածությունը պետք է ծառայի ոչ միայն առևտրի և տնտեսական զարգացմանը, այլև տարածաշրջանային համագործակցության, դիմակայունության և խաղաղության ամրապնդմանը։