Անվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին

Ներքին գործերի նախարարությունը միացել է ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման արշավին, որն անցկացվում է մայիսի 12-18-ը՝ «Անվտանգ ճանապարհներ հետիոտների և հեծանվորդների համար» խորագրով։


Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, նախաձեռնության շրջանակում նախարարությունը մասնակցում է գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումներին՝ ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի և հանրության իրավագիտակցության բարձրացմանը։


Մայիսի 17-ին տեղի կունենա հանրային իրազեկման միջոցառում Երևանի Հանրապետության փողոցի թիվ 114 և 71 դպրոցների հարակից տարածքում։


Միջոցառման նպատակն է բարձրացնել հասարակության՝ հատկապես դպրոցահասակների իրազեկվածությունը ճանապարհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով արագության գերազանցումը կանխելուն, մասնավորապես՝ դպրոցների շրջակայքում 30 կմ/ժ առավելագույն արագության սահմանաչափի պահպանմանը։


Ներքին գործերի նախարարությունը մշտապես պատրաստ է համագործակցության՝ ի նպաստ առավել անվտանգ ճանապարհային երթևեկության մշակույթի ձևավորմանը, բոլորի համար անվտանգ, առողջ և ներառական հանրային միջավայրի ապահովմանը։