Հո ռումբի պատճառով չէինք նետելու ծխախոտը, արդեն վառել էինք. եթե ռումբը թռչի քո կողմ, հաստատ չես հասցնի մինչև նկուղ վազել. Կյանքը պատերազմական Խարկովում
Օրերս ԱՄՆ-ից իր տուն՝ Խարկով վերադարձած ուկրաինուհի Քրիստինա Վիջեն մեզ հետ զրույցում պատմեց ռուս-ուկրաինական պատերազմից ամենաշատ տուժած քաղաքներից մեկում՝ Խարկովում իր տեսածի ու Խարկովի կյանքի մասին։
«Տագնապի առաջին ազդանշանն ինձ բռնացրեց գնացքում, երբ կուպեից վերցնում էի ճամպրուկներս։ Սկզբում լարվեցի, հետո հասկացա, որ վախենալու ժամանակ չունեմ, պետք է հասցնեմ հանել ճամպրուկներս: Նույն օրվա մեջ տագնապի հաջորդ ազդանշանը վարսավիրանոց գնալուս ճանապարհին էր։ Նայում եմ՝ վարսավիրը հանգիստ է, պարզապես հեռախոսի մեջ է նայում:
Հարցնում եմ՝ ո՞նց չես վախենում, երեխադ 4 տարեկան է։ Իսկ նա ինձ խորհուրդ է տալիս հետևել radar.kh տելեգրամյան ալիքին. «Ավելորդ բան չկա, միայն կարևոր տեղեկություն։ Այսօր ահազանգ չկար, բայց երբ տելեգրամ ալիքը ծնգաց, նայեցի՝ հրթիռի թռիչք էր նշված, և բառացիորեն 30 վայրկյան հետո ուժեղ հարվածեց։ Թվում է թե՝ պիտի արդեն պատրաստված լինեիր պայթյունի ձայնին: Պայթյունը լսվեց քաղաքի տարբեր ծայրերում։ Հրթիռը պայթեց Խոլոդնայա գոռա (Սառը Լեռ) շրջանում, բայց թվաց՝ մեր մոտակայքում է, մեքենաների ազդանշանները գործարկվեցին։ Երկրորդ պայթյունն ավելի հանգիստ էր։ Ամուսինս պայթյունից նույնիսկ աչք չթարթեց։ Ես իհարկե վախեցա, քայլում էի հեկեկալով։ Կես ժամ հետո, հենց տագնապի ազդանշանը լռեց, գնացի շուկա»։ Այո՛։ Խարկովում ապրում են հերոսներ...
Ես երեկ ամբողջ օրը լացում էի։ Հետո, երբ խոսեցի հյուսիսային կողմում ապրող ծանոթներիս հետ, որոնք հետևել էին այս ամբողջ սարսափին սեփական պատշգամբից, հասկացա, որ նրանք երկաթե նյարդեր ունեն։
Հրետակոծության ժամանակ նրանք ծխելիս են եղել պատշգամբում ու շարունակել դիտել այն։ Ասում են՝ դե, հո չէինք գցելու ծխախոտը, եթե արդեն վառել էինք։ Միևնույն է, եթե ռումբը թռչի քո կողմ, հաստատ չես հասցնի նկուղ վազել։ Այդպես էլ գերադասեցինք դիտել պատշգամբից...