«Մխչյանի դպրոցում տեղի ունեցածը սարսափելի է, այլ բառեր չունեմ»:
Այս մասին մայիսի 16-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այժմ քննություն է գնում։
«Հույս ունենք՝ քննության ավարտից հետո մենք կունենանք բոլոր հարցերի պատասխանները կոնկրետ դրվագի հետ կապված»,- նշել է Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ նմանատիպ իրավիճակն անթույլատրելի է, նման իրավիճակում պետք է ոչ միայն իրավապահների աշխատանքը, այլ նաև պետք է հասկանալ, թե դպրոցն ինչ քայլեր պետք է ձեռնարկած լիներ, որ օղակն է իր տեղում եղել և որը ճիշտ արձագանքել։ Ըստ նախարարի՝ աշխատանքից կազատվեն բոլոր նրանք, ովքեր տեղյակ են եղել:
«Նման դեպքերը տեղի չեն ունենում մեկ օրում, տեղի չեն ունենում պարզապես, դրանց որոշակի նշաններ երևում են, անհանգստացնող ազդակներ են լինում։ Եթե մենք այստեղ ունենանք բավարար զգայունություն և արձագանք ընտանիքներից, դպրոցից, միջավայրից, դրանք չեն կարող նման սրացում ունենալ, խորանալ և կարող են շատ ավելի վաղ փուլում կանխվել»,- ասել է Անդրեասյանը:
Նա նշել է, որ նախարարությունը լուրջ անելիք ունի մի քանի ուղղություններով։