Չէր կարող 4 ամիս տեւած իրավիճակը աննկատ լինել, սա նշանակում է՝ ինչ–որ մեկն իր տեղում չի եղել այնպես, ինչպես որ պետք է։ Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԿԳՄՍ նախարարը՝ անդրադառնալով Մխչյան գյուղի դպրոցում տեղի ունեցած սարսափելի դեպքին։
«Կոմպրոմիս չի լինելու, հարցեր են առաջանում, եւ եթե պարզվի՝ որեւէ մեկը բավարար չի արել իր գործը, չպիտի թույլ տանք, որ նման մարդը շարունակի աշխատել երեխաների հետ։ Երեխայի հետ ամենօրյա առնչվություն անձը չի կարող չնկատել վարքի փոփոխություն։ Ես ուղիղ տեսնում եմ դպրոցի պատասխանատվությունը»,– ասաց նախարարը։
Հիշեցնենք՝ Մխչյանի բնակիչները պատմել են, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցի բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։ Տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ), 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: