Ինչպես հայտնել էինք՝ մայիսի 24-ին՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։
ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ժամը 10:52-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարները ժամը 10։40-ին Մարմարիկ գետում՝ «Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Ժամը 11։11-ին փրկարարները գետից դուրս են բերել Տ․ Պ․-ի (ծնված 2023 թ․) դին։
Մայիսի 4-24-ը որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել ընդհանուր 1591 փրկարարական ծառայող և ոստիկանության շուրջ 800 ծառայող։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Մարմարիկում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարմարիկ գետում փրկարարների ներգրավվածությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ 2-ամյա երեխային գտնելու ուղղությամբ։ Կիրառվել են անօդաչու սարքեր և փրկարար նավակներ, աշխատում են կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, մինչ օրս որոնումներ են իրականացնում ջրասուզակները:
Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի՝ 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մայիսի 7-ին Մարմարիկ գետի հոսքը մասամբ կանգնեցվել էր, հատուկ նավակներ ու սարքեր էին իջեցվել ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար: