Ֆիդանը կհանդիպի Պուտինի և Լավրովի հետ. Կքննարկվեն Սիրիան, Գազան և Հարավային Կովկասը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մայիսի 26-27-ը աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով։ Այս մասին հայտնում է TRT Global-ը։


Այցի ընթացքում նախատեսվում է Ֆիդանի ընդունելությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։


Նշվում է, որ բանակցությունների հիմնական թեման կլինի Թուրքիայի դերակատարումը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում։ Թուրքիան մտադիր է վերահաստատել իր պատրաստակամությունը՝ կազմակերպելու նոր բանակցություններ Կիևի և Մոսկվայի միջև, ինչպես դա արվել էր 2022 թվականին, վերջին անգամ՝ 2025 թվականի մայիսի 16-ին՝ Ստամբուլում։


Այցի շրջանակում Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև Ռուսաստանի նախագահի տեղակալ Վլադիմիր Մեդինսկու և պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ։ Մեդինսկին գլխավորում էր Ռուսաստանի պատվիրակությունը ռուս-ուկրաինական վերջին բանակցություններում։


Կողմերը կքննարկեն Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ որպես տարածաշրջանային առանցքային դերակատարներ։ Քննարկման թեմաներից են լինելու առևտրային, էներգետիկ և զբոսաշրջային ոլորտներում համագործակցության ներկայիս վիճակը և դրա հնարավոր ընդլայնման ուղիները։


Ֆիդանի և ռուս գործընկերների բանակցությունների օրակարգում ընդգրկված են նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, ներառյալ՝ իրավիճակը Սիրիայում, Գազայի հատվածում, ինչպես նաև՝ Հարավային Կովկասում։