Երևանում մշակվել և մասնակիորեն իրագործվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված ամբողջական երթուղի։ Այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի մայիսի 26-ի աշխատանքային նիստում։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը զեկուցեց, որ երթուղին սկսվում է Նոր Նորք վարչական շրջանից և պետք է հասնի Մալաթիա-Սեբաստիա։
Բացի այդ, նա տեղեկացրեց, որ Իլ դը Ֆրանսի կողմից առաջարկվել են երթևեկության սահմանափակումներ՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ փողոցներ դարձնելու միայն հետիոտների համար։
Որպես փոփոխությունների առաջին քայլ՝ առաջարկվել է սահմանափակումներ կիրառել Հանրապետության հրապարակին հարող Աբովյան, Նալբանդյան և Արամի փողոցներում։ Արդյունքում հրապարակը կդառնա հետիոտների և հասարակական տրանսպորտի համար։ Վազգեն Հարությունյանն ասաց, որ այս առաջարկի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։
Նշվեց նաև, որ Մաշտոցի պողոտայի ավտոբուսային առանձնացված գիծը կունենա շարունակություն դեպի Խորենացի փողոց, որտեղ նախատեսվում է ներդնել ավտոբուսային երկու գիծ, բացի այդ կկիրառվի կայանման արգելք։ Գիծը կշարունակվի մինչև Հաղթանակի կամուրջ։ Նույն կերպ երթևեկության փոփոխություններ կկատարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում։
Առաջիկայում նաև Սարյան փողոցում կկատարվեն փոփոխություններ։ Սարյան փողոցը և Մոսկովյան փողոցի մի հատվածը կկազմակերպվեն միակողմանի երթևեկությամբ՝ Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա։