«Ռուս-ադրբեջանական հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մայիսի 28-ի՝ Անկախության օրվա կապակցությամբ։


Պուտինը նշել է, որ Ադրբեջանը վստահորեն շարժվում է «սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով և համաշխարհային ասպարեզում վայելում է աճող հեղինակություն»։


«Ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարեկամական և դաշնակցային բնույթ են կրում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ապահովել կառուցողական երկկողմ համագործակցության և միջազգային հարցերում գործընկերային փոխգործակցության հետագա ընդլայնումը։ Սա լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին, ընթանում է Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման հունով։


Մաղթում եմ Ձեզ, հարգելի Իլհամ Հեյդարովիչ, առողջություն և հաջողություններ, իսկ Ադրբեջանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»,- ասվում է նամակում։