Քննարկվել է ՀՀ հանրակրթական դպրոցներում պարսկերենի դասավանդման հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ԻԻՀ «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։


Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված շարունակական ու արդյունավետ համագործակցությունը և երկկողմ բարեկամական կապերի ամրապնդումը։


Ընդգծելով, որ Հայաստանի և Իրանի միջև կրթամշակութային հարաբերությունները ներկայում դինամիկ զարգացման փուլում են՝ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Արևելագիտության ինստիտուտի գործունեությունը՝ նշելով, որ ինստիտուտը Հայաստանում իրանագիտության հետազոտական կենտրոններից է, որտեղ իրականացվում են թե՛ լեզվաբանական, թե՛ պատմամշակութային ուսումնասիրություններ։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում իրանագիտության զարգացմանն ուղղված ծրագրերը։


«Համատեղ գիտաժողովները, հետազոտողների փոխայցելությունները և համագործակցային ծրագրերը մեծապես կխթանեն Հայաստանում իրանագիտության զարգացումը, որն արդեն իսկ ամուր հիմքեր ունի»,- նշել է նախարարը։


Նշվել է, որ իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանում իրանագիտության զարգացմամբ։


Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի բուհերում սովորող իրանցի ուսանողների ուսումնառությանը, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերին, բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացմանը։


Կողմերը քննարկել են նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում պարսկերենի դասավանդման հարցը՝ կարևորելով է այս ուղղությամբ համագործակցությունը։