Էմիլ Օրդուխանյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Սույն թվականի մայիսի 27-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամները ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրեցին քաղաքական գիտությունների թեկնածու Էմիլ Օրդուխանյանին․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։


«Էմիլ Օրդուխանյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի զարգացման ծրագիրը։ Նախատեսվում է աջակցման և խրախուսման մեխանիզմների ներդրում ՄԳՇ-ում ներառված միջազգային գիտական հանդեսներում տպագրությունների համար (WOS և Scopus), օժանդակման մեխանիզմների մշակում միջազգային գիտաժողովներին մասնակցության համար, արտասահմանում գործող հայազգի հասարակագետների տվյալների շտեմարանի կազմում, միջազգային անհատական և միջինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնում, հայազգի պրոֆիլային գիտնականների հետ համատեղ հետազոտական ծրագրերի իրականացում: Նրա խոսքով՝ կարևոր է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը, Սփյուռքի գիտական ներուժի բացահայտումն ու ներգրավումը՝ որպես ռազմավարական անհրաժեշտություն: 


Նախատեսվում է ինստիտուտի ենթակառուցվածքային արդիականացում, նաև բրենդավորում՝ ինստիտուտի ձեռքբերումները հանրայնացնելու, հանրային ճանաչելիությունն ու գրավչությունը բարձրացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։