Միջազգային չափանիշներով երեք խաղահրապարակներ՝ Կենտրոնում

Կենտրոն վարչական շրջանի և «Կերոն» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում կկառուցվեն միջազգային չափանիշներին համապատասխան նոր սերնդի երեք խաղահրապարակներ։ Մեկը կկառուցվի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ Սքեյթ պարկի հարևանությամբ, երկրորդը կկառուցվի  Խաչքարերի պուրակում, երրորդը՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում։


«Մեր նախաձեռնությունից առաջ արդեն մենք այդ կարիքը շատ սուր էինք զգում, որովհետև խաղահրապարակներ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին, խաղահրապարակներ, որոնք բավարարելու են տարբեր տարիքի երեխաների կարիքները, իրականում Երևան քաղաքում բացակայում են։ Եվ մենք նույնպես, որպես վարչական շրջան, փորձեցինք նման մոտեցում ցուցաբերել, և եթե արդեն նկատած կլինեք, մի քանի հասցեներում, ավելի փոքր մասշտաբի, մենք ունենք խաղահրապարակներ, որոնք շատ են սիրվել»,- ասաց Պետրոս Պետոյանը։


 Ասուլիսից հետո կազմակերպվեց շրջայց այն տարածքներ, որտեղ կառուցվելու են վերոնշյալ խաղահրապարակները։ Շրջայցին մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


Շրջայցի ընթացքում Տիգրան Ավինյանը պատասխանց նաև լրագրողների հարցերին։ Նա տեղեկացրեց, որ Երևանում 2025 թվականի համար ունեն 100-ից ավելի նախագծեր՝ տարբեր բակերում խաղահրապարակների, ֆուտբոլի դաշտերի կառուցման, որոնք քաղաքապետարանն արդեն իրականացնում է նոր ստանդարտներով։


 «Մենք ամեն տարի որակական փոփոխություններ ենք իրականացնում, և այս տարվա խաղասարքերը շատ ավելի բարձր որակով են լինելու, շատ ավելի դիմակայուն և երեխաների համար շատ ավելի հետաքրքիր։ Ծառերը պահպանվելու են. այս հատվածում տեղադրելու ամբողջ իմաստն այն է, որ որոշակի շվաք են ստեղծում հենց ծառերը։ Նախագիծն այնպես է արված, որ այգուն հարմարեցված լինի»,- ասաց քաղաքապետը։


Խոսելով նաև Հրազդանի կիրճին հատուկ կարգավիճակ տալուն ուղղված աշխատանքների մասին՝ քաղաքապետն ասաց, որ արդեն պատրաստ են դրան և մնում է սպասել օրենքի փոփոխությանը, որից հետո ավագանին համապատասխան որոշումը կկայացնի։


Ինչ վերաբերում է Կիևյան կամրջի բարեկարգմանը, քաղաքապետն ասաց, որ «Կիևյան կամրջի վերանորոգումը մասնակի սկսել էին, և հիմնական խնդիրը, որն ունեն, այն է, որ ընկերությունը լիցենզիայից զրկվել էր, եթե չեմ սխալվում, և չի կարողացել շարունակել աշխատանքները»։


«Այնուամենայնիվ այդ աշխատանքները շարունակում են մեր օրակարգում ամենակարևորներից մեկը լինել, և մենք մեր հետագա անելիքները նաև որոշակիորեն կապում ենք ավելի ճիշտ ժամանակացույց ստեղծելու, ավելի իրատեսական դարձնելու հետ։ Իհարկե, ոնց հասկանում եմ՝ հատուկ որևէ մեկի մեղավորությունը չկա, որ ընկերությունը լիցենզիան կորցրել է, բայց այնուամենայնիվ դա որոշակի ժամանակային հետաձգումներ է ենթադրում, որը, կարծում եմ, տանելի է. օրակարգում կա, ֆինանսավորումն ունենք, սպասում ենք հետագա ընթացքը կազմակերպելուն»,- նշեց Տիգրան Ավինյանը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան