Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է. ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են եղել Երևանի Անգլիական այգում «Զանգակ» գրատան կազմակերպած Մանկական գրքի փառատոնի բացմանը։


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են եղել Երևանի Անգլիական այգում «Զանգակ» գրատան կազմակերպած Մանկական գրքի փառատոնի բացմանը։


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է փառատոնի անցկացման ձևաչափը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, գործընկերներին ու մասնակիցներին մեծ աշխատանքի համար:


«Շատ խորհրդանշական է, որ Մանկական գրքի փառատոնով Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշում ենք՝ երեխային կապելով գրքին: Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է»,- ասել է նախարարը և հավելել, որ նմանատիպ միջավայրերում տեսանելի է դառնում տաղանդավոր միտքը, որը հետագայում կարող է զարգանալ:


Շրջելով տաղավարներում և ծանոթանալով հրատարակիչների արտադրանքին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ակնհայտ է, որ մանկական գրատպության արտադրանքը շուկայում մրցունակ է: Նա հատկապես ընդգծել է հայերենով մանկական գրականություն և զարգացման խաղեր ունենալու կարևորությունը, որը կարող է նաև կրթական գործընթացի մաս կազմել՝ ուսուցումը դարձնելով առավել կենդանի ու գրավիչ: Նախարարը կոչ է արել երեխաներին օգտվել առիթից և ընտրել գրքեր ամառային ընթերցանության համար և սեպտեմբերին դպրոց գնալիս ընկերների հետ կիսվել տպավորություններով:


Փառատոնի ընթացքում զուգորդվում են գրական իրադարձությունները և ուրախ ժամանցը, խաղային ծրագրերը, երաժշտական միջոցառումները, թատերական ներկայացումները, մրցույթներն ու անակնկալները: Երկու օրերի ընթացքում նախատեսված են մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, անվճար զիփլայն, թատերական ներկայացումներ, սիրելի բենդերի համերգներ, աշխատարաններ, ժամանցային խաղեր, մեծ զեղչեր ու ակցիաներ:


Փառատոնի շրջանակում «Զանգակ» գրատունն իր շուրջն է համախմբել Հայաստանում մանկապատանեկան գրականություն հրատարակող հրատարակչություններին, կրթական խաղեր արտադրողներին, մշակութային կենտրոններին։ Մուտքն ազատ է: Մանկական գրքի փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ: